Սերժ Սարգսյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքը. ՀԱՊԿ-ում Հայաստանին պարզապես արհամարհում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի այն ժամանակ, երբ այդ կազմակերպությունում լինի կոնսենսուս. լրագրողների հետ ճեպազրույցում երեկ նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հիշեցնենք` ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեր դեռ նախորդ տարվանից, բայց այդ որոշումն անընդհատ հետաձգվում է:

«Ընդունվել է որոշում, համաձայն որի` ՀԱՊԿ-ում արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի: Եվ բնական է, որ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունը, համաձայն ռուսական այբուբենի, Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր: Նախորդ տարի նաեւ արձանագրվել էր, որ ռոտացիան պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունվարի 1-ից, եւ բնական է՝ պետք է Հայաստանի ներկայացուցիչը լիներ,- ասել է Քոչարյանը` հավելելով,- ամսի 1-ից ոչ թե նոր գլխավոր քարտուղար կա, այլ ընդամենը պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետեւ արդեն կար որոշում, համաձայն որի՝ չէր կարող Բորդյուժան մնալ գլխավոր քարտուղար: Եվ մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակեցում մտցներ: Իսկ այդ տեղը Հայաստանինն է, եւ հենց որ եղավ այդ հավաքը եւ կոնսենսուսային որոշումը, կլինի Հայաստանի ներկայացուցիչը»:

Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ Ղազախստանը եւ Բելառուսը ընդդիմանում են Հայաստանի թեկնածուին, փոխնախարարը պատասխանել է. «Միշտ չէ, որ մամուլում հրապարակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Ես միայն մի բան կարող եմ ասել՝ Ղազախստանը այդ հարցում երբեւիցե խոչընդոտ չի առաջացրել: Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:

Հատկանշական է, սակայն, մեկ հանգամանք. ըստ Շավարշ Քոչարյանի` ռոտացիան պետք է ուժի մեջ մտնի 2017թ. հունվարի 1-ից, այսինքն` Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել միայն այս տարվանից: Մինչդեռ իրականում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչը պետք է նշանակվեր դեռ նախորդ տարի, պարզապես ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պարբերաբար խոչընդոտներ են ստեղծել, եւ Հայաստանի ներկայացուցչի նշանակման որոշումը պարբերաբար հետաձգվել է, ու հիմա փորձ է արվում գոնե այսկերպ արդարացնել կատարվածը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը նախատեսված էր դեռ 2015թ. դեկտեմբերին: Սակայն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հրաժարվել են այդ որոշումն ընդունելուց: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ՀԱՊԿ խորհրդի նիստում գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար դարձնելու մտադրությունից, այդ քայլը մեկնաբանելով, թե այսպիսի նշանակումը ներկա պահին կարող է ընկալվել որպես ալյանսի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու ցանկություն, ինչը անդամ երկրները չեն ցանկանում։ Որոշվել էր այդ հարցը քննարկել ավելի ուշ:

Նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին, երբ Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ նստաշրջանը, կրկին որոշումը հետաձգվեց. արդեն Սերժ Սարգսյանն էր հայտարարել. «Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը կքննարկենք տարվա վերջին, Սանկտ Պետերբուրգում»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս