Սյունիքի մարզի դատախազն ու ամբաստանյալ հարազատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սյունիքի մարզի դատախազության դատախազ Վազգեն Հարությունյանը փորձում է մարզում մի շարք քաղաքացիների մասով քրեական գործերը հսկել եւ ուղարկել դատարան, նրա հարազատները մի շարք հանցանքներ են գործում, հայտնվում ամբաստանյալի աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016 թվականին անդրադարձել էր Գորիս քաղաքում «Դիանա» ռեստորանային համալիրում Գորիսի ոստիկանապետի հետ տեղի ունեցած միջադեպին: Գրել էինք, որ ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի եղբորը եւ կալանավորել: Այս աղմկահարույց միջադեպին ականատես էին եղել Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը, նրա տեղակալը` Ասպուր Ավետիսյանը, քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետ Վահրամ Դաղունցը, սակայն վերջիններս օբյեկտիվ քննության փոխարեն ոստիկանապետի եղբոր գլխին սարքել էին եւ կալանավորել իբրեւ թե ոստիկանին դիմադրելու հիմքով: Ինչեւէ, աղմկահարույց տեսանյութի հրապարակումից հետո ՀՔԾ-ն քննեց այս գործը եւ արդարացրեց Գորիսի ոստիկանապետի տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Պարզվում է՝ քաղաքացու գլխին գործ սարքելու գործընթացի պաշտոնական վերահսկողն ինչ-որ լուրջ խնդիրներ ունի: Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի հարազատները աղմկահարույց քրեական գործերով են անցնում: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, ապօրինի զենքի մասով հարուցված քրեական գործով կալանքի տակ է: Գործը գտնվում է դատարանում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դատական տեղեկատվական համակարգից տեղեկանալ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, սակայն դատական տեղեկատվական համակարգը գաղտնի է պահում դատախազի եղբոր մասով դատական գործը: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դատական տեղեկատվական համակարգում որոշ մարդկանց մասով քրեական գործերը փակ են: Չի բացառվում, որ մի շարք պաշտոնյաներ, չկարողանալով իրենց հարազատներին զերծ պահել աղմկահարույց գործերից, փորձում են գաղտնի պահել նրանց մասով հարուցված քրեական գործերի ընթացքի լուսաբանումը:

Ի դեպ, հավելենք, որ մարզում տարածված լուրերի համաձայն՝ դատախազ Վազգեն Հարությունյանի քեռին էլ այլ քրեական գործով է անցնում:

Հավելենք, որ ի պատասխան մեր այս հրապարակմանը դատախազությունից պարզաբանել էին.

«Տեղեկացնում ենք, որ Ժողովուրդ օրաթերթի 19.01.2017թ. համարում հրապարակված` «Մարզի  դատախազն ու հարազատները» վերնագրով հոդվածում տեղ գտած Սյունիքի մարզի դատախազ Վ. Հարությունյանին վերաբերող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հրապարակման մեջ նշված գոռ Հարությունյանը Վ. Հարությունյանի ազգականն է, որը, նշված գործով պատիժը կրել է դեռևս 2013թ-ին և ներկայումս չի գտնվում կալանքի տակ. իսկ քեռին որևէ քրեական գործով չի անցնում և չի էլ կարող անցնել, որովհետև մահացել է 2006թ.-ին»:




Լրահոս