
Հունվարի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Ֆլորանս Մանժենին, ով Երևանում է գտնվում երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվեցին Երևանում կայացած խորհրդակցությունների արդյունքները, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցության սերտացմանն ուղղված քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը և Ֆլորանս Մանժենն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: