Աղքատության ու գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Վանաձորում աշխատանք փնտրողների թիվը գնալով ավելանում է: Չնայած զբաղվածության Վանձորի տարածքային կենտրոնում նախորդ տարի աշխատանք փնտրողների թիվը եղել է 4665, սակայն գործազուրկների թիվը Վանաձորում շատ ավելին է, քան գրանցվածների:
2017թ-ի հունվարի 1-ի դրությամբ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 4665 աշխատանք փնտրող, որոնցից 4515-ը աշխատանք փնտրողի կարգավիճակով, մյուս 150-ը՝ ոչ կայուն զբաղվածություն ունեցող անձիք են:
Եվ աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը նախորդ տարվա համեմատությամբ այս տարի նվազել է մոտ 17 տոկոսով: Գործազուրկների շարքում հիմնականում միջնակարգ կրթությամբ անձիք են: 13 տոկոսով ավելացել է զբաղվածության կենտրոն դիմող արհեստագործական կրթություն ունեցող մարդկանց թիվը, որոնց կեսից ավելին կանայք են. «Եթե մենք ուսումնասիրում ենք նախորդ տարիների փորձը, ապա մեր ցուցակներում արհեստավորներ շատ քիչ կային»,-ասում է կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
Ըստ նրա՝ բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկների թիվը 24 տոկոսով նվազել է, ինչը պայմանավորված է աշխատաշուկայում որակավորված մասնագետների ճկունությամբ:
16-24 տարեկան աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է միջինում 33 տոկոսով: 25-29 տարեկանների թիվը՝23 տոկոսով: Մինչդեռ 35-44 և ավելի տարիքային խմբում քաղաքացիների թիվը գործազուրկների շարքում շարունակում է մնալ գերակշռող. «Մենք մեր ծրագրերի մեջ հիմնականում ներգրավվում ենք երիտասարդ մարդկանց»:
Զբաղվածության տարածքային կենտրոնում ուսումնասիրվել են նաև շուկայի պահանջարկը և դժվարությամբ համալրվող մասնագետների շարքը. «Այսօր մեծ պահանջարկ կա բժշկական մասնագիտությունների գծով, ինչպես նաև գյուղական համայնքներում մանկավարժների հաստիքների,: Բայց Վանաձորում մանկավարժների առումով վիճակը խտացված է: Մենք ունենք բավականին մեծ թվով մանկավարժներ, որոնք գործազուրկի կարգավիճակ ունեն, բայց նրանք շատ քիչ ցանկություն ունեն գյուղական համայնքներում աշխատելու՝ դասաժամերի պակասի և հեռավորության պատճառով: Չնայած որ մեր կողմից նման ծախսերը փոխհատուցվում են»:
Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից աշխատանքի է տեղավորվել 553 քաղաքացի: Մասնագիտական ուսուցման ծրագրերում ներգրավվել է 67 աշխատանք փնտրող: Աշխատանքի է տեղավորվել նրանցից 52-ը:
Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատավայրերի հարմարեցման համար միանվագ գումար է փոխանցվել 4 անձանց: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով ժամանակավոր զբաղվածություն ապահովվել է 13 գործազուրկների համար:
Էդվարդ Արզումանյան
Վանաձոր