«Մաքուր կոմերցիոն հարց է». նախարարը՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ լարված հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հետ տարբեր թելերով կապված լրատվամիջոցները վերջին շրջանում թիրախավորում էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթը արդեն տեղեկացրել է, որ, ըստ իշխանական այդ լրատվամիջոցների, Մարտիրոսյանը բոլոր գերատեսչություններին հրահանգել է օգտվել «Ռոստելեկոմ»-ի կապից:

Մարտիրոսյանի այդ քայլը դուր չէր եկել Միքայել Մինասյանին, քանի որ դե ֆակտո վերջինիս է պատկանում մինչ օրս բոլոր գերատեսչություններին կապ ապահովող «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը: Ամիսներ առաջ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը անգամ դադարեցրեց իր հեռուստաընկերությունների հեռարձակումը «Ռոստելեկոմ»-ով: Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի»-ի հիմնադիրներից մեկն է եղել, ապա գործադիր տնօրենը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդեն կարգավորվել են իր եւ Մինասյանի հարաբերությունները, ինչպես նաեւ նախարարի հետ զրուցեցինք ոլորտային մի քանի հարցերի շուրջ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Ձեր եւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հարաբերությունները վերջին շրջանում կարծես թե լարված էին: Վերջինիս ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները տեղեկություններ էին տարածում, որ Դուք բոլոր գերատեսչություններին հրահանգել եք օգտվել «Ռոստելեկոմի» կապից, ինչն էլ, բնականաբար, դուր չի եկել դե ֆակտո «Յուքոմի» սեփականատեր Միքայել Մինասյանին: Այժմ ինչպե՞ս են Ձեր փոխհարաբերությունները, խնդիրը կարգավորվե՞լ է:

-Ոչ մի պրոբլեմ չի էլ եղել, որ կարգավորվեր կամ չկարգավորվեր:

-Համենայն դեպս, «Պանարմենիան մեդիա գրուպ»-ը դադարեցրեց իր հեռուստաընկերությունների հեռարձակումը «Ռոստելեկոմ»-ով: Դրանից հետո «Ռոստելեկոմ»-ն իր հերթին հայտարարեց, որ նոյեմբերի 1-ից «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ կողմից առանց որեւէ պատճառի դադարեցվել է հեռարձակումը նաեւ «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան ցանցում։

Ու այդպես մի քանի օր շարունակ երկու ընկերությունները հայտարարություններ էին տարածում՝ պարզաբանելով մեկը մյուսի հայտարարությունները:

-Դա մաքուր կոմերցիոն հարց է, հարցը ուղղեք «Ռոստելեկոմ»-ին եւ «Արմենիա» հեռուստաընկերությանը:

-Լավ, այդ դեպքում անդրադառնանք ոլորտային խնդիրներին: Ի վերջո, մի օր կավարտվե՞ն Հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աշխատանքները:

-Իհարկե:

-Ի սկզբանե նշվում էր, որ այդ մայրուղին վերջնականապես պատրաստ կլինի 2019թ-ին, մինչդեռ մայուղու գերակշիռ մասը դեռեւս կառուցված չէ: Ձեր հաշվարկներով՝ ե՞րբ կավարտվի Հյուսիս-հարավի կառուցումը:

-Չեմ կարող ասել:

-Յուրաքանչյուր տարի՝ ձմռան ամիսներին, շատ է բարձրաձայնվում սառցակալած ճանապարհների մասին: Պատասխանատուներն ամեն անգամ ասում են, որ ճանապարհները մաքրում են ձնից, մշակում աղով եւ ավազով, բայց այդպես էլ հանրապետությունում դժվարանցանելի ճանապարհների խնդիրը չի հաջողում բավարար մակարդակով լուծել:

-Կարո՞ղ եք այսօր ցույց տալ սառցակալած ճանապարհներ:

-Այդ մասին պարբերաբար տեղեկանում ենք ԱԻՆ հաղորդագրություններից եւ ճանապարհային պատահարների մասին ծանուցագրերից: Բացի այդ՝ վարորդներն իրենք հաճախ են ահազանգում, որ ճանշինները թերանում են իրենց աշխատանքները կատարելիս, եւ առատ ձյան տեղումներից հետո ճանապարհները փակվում են:

-Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Ճանշիններն իրենց աշխատանքը պատշաճ կատարում են, եւ այդպիսի հայտարարություն անելուց պետք է զերծ մնալ, քանի նախաքննությունները չեն ավարտվել:

-Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ բարձրաստիճան կուսակցական պաշտոնյաները փարձում են անել հնարավորն ու անհնարինը՝ իրենց հարազատ կուսակցությանը օգտակար լինելու համար: Դուք ինչպե՞ս եք ՀՀԿ-ին օգնելու:

-Կտեսնենք:

Վահագն Հակոբյան




Լրահոս