Ունեն հայերենի իմացության ցածր մակարդակ, բայց փոխարենը՝ մի քանի դիպլոմ. կգտնվի՞ գոնե մեկ թեկնածու, ով չի ունենա փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը հրաման ստորագրեց «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Արդյո՞ք այս նոր կարգը կիրառելի կլինի եւ կգտնվի թեկուզ մեկ թեկնածու, ով չի ունենա ավարտական համապատասխան փաստաթուղթ: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն է:

-Պարո՛ն Երիցյան, ԿԳՆ Լեւոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացին հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում պետք է քննություն հանձնի: Արդյո՞ք այս կարգը կիրառելի է:

-Իհարկե, կկիրառվի, եթե օրենքի պահանջը կա: Ես ուղղակի, չգիտեմ, կարծում եմ` մեր պատգամավորության թեկնածուները դպրոցն ավարտել են Հայաստանում, ԲՈՒՀ-ն ավարտել են Հայաստանում, եւ նրանք սկզբունքորեն այդ պահանջին չեն ենթարկվում, որովհետեւ նրանք ունեն իրենց համապատասխան կրթության վկայականները, հայոց լեզվի եւ գրականության գնահատականը:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով բուհը, հանրակրթությունը կամ կրթության մյուս հատվածները չեն ստացել Հայաստանում, անկասկած նրանք ապրում են Հայաստանում, գործում են Հայաստանում եւ, բնականաբար, նվազագույն չափով մեր լեզվական կանոններին տեղեկացված կլինեն: Այդ թեստերն էլ ոչ այդքան մեծ բարդություն ունեն, դրանք սկզբունքորեն հաղթահարելի են դպրոցական գիտելիքներ ունեցող մարդկանց համար: Այնպես որ, ես չեմ կարծում, թե բարդություններ կարող են լինել, ուրիշ խնդիր է, թե որքան թեկնածուներ կլինեն, որոնք պետք է այդ քննությունները հաղթահարեն:

-Հարցը հենց դա է: Արդյո՞ք կգտնվի մեկը, ով հնարավոր է՝ չներկայացնի այդ փաստաթուղթը:

-Գիտեք, կարծում եմ՝ դա մեր խնդիրը չէ, որովհետեւ ոչ միայն այդ վկայականը, այլեւ բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացնում համապատասխան ընտրական հանձնաժողովներին, եւ արդյոք այդ օրենքի պահանջը նրանք կատարել են, տվյալ պարագայում փաստաթղթերի հիման վրա պետք է համապատասխան ընտրական հանձնաժողովները որոշեն, իսկ այդ որոշումից հետո ընդունվելիք կարգի համաձայն՝ կդիմեն կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ կարգի համաձայն՝ կձեռնարկվեն համապատասխան քայլերը, եւ այդ նվազագույն պահանջների թեստերով քննությունը կանցկացվի:

-Պարո՛ն Երիցյան, կան պատգամավորներ, ովքեր ունեն հայերենի իմացության ցածր մակարդակ, բայց միեւնույն ժամանակ մի քանի բուհերի դիպլոմներ:

-Դե, գիտեք, բնականաբար, այստեղ հնարավոր չէ այդ գործոնները լիովին հաշվի առնել: Կարող են լինել նման իրավիճակներ, բայց տվյալ պարագայում, երբ որ մենք գործ ունենք փաստաթղթերի եւ մարդկանց, ինչպես նաեւ մեր կրթական համակարգի գնահատականների հետ, այստեղ որեւէ այլ կերպ վարվել չէր կարելի: Ուրիշ խնդիր է, որ, այո՛, կարող են լինել բացառություններ:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս