Սամվել Բալասանյանի որդու գրասենյակում արդեն 5-6 օր է` քաղաքացիների ցուցակագրում է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի բարեգործական գրասենյակում ադրեն 5-6 օր է` քաղաքացիների ցուցակագրում է սկսվել: Ս. Բալասանյանի՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող որդին, ով Գյումրիում ղեկավարում է «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, սկսել է քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրել:

Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ քաղաքացիներից ճշտում են բնակության հասցեն, տարիքը եւ կրկնօրինակում անձնագիրը:

Սոցիալապես անապահով քաղաքացիներից մեկը, ով երեկ է գրանցվել օգնություն ստանալու ակնկալիքով, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ տվել է իր եւ ընտանիքի մյուս անդամների անձագրի կրկնօրինակը, իսկ իրեն ասել են, որ երբ օգնությունը եղավ, կզանգեն, կկանչեն:

Տեղեկացնենք, որ «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի գրասենյակը գտնվում է Գյումրու Ջիվանու անվան փողոցի վրա եւ հսկվում է Բալասանյանների թիկնապահների կողմից: Գրասենյակի հարեւանությամբ էլ Բալասանյանների շքեղ առանձնատունն է եւ «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը:

Գյումրիում խոսակցություններ կան, որ քաղաքացիներին Բալասանյանները 10 հազար դրամ են բաժանելու, իսկ ցուցակագրումը իրականացնում են, որպեսզի ՀՀԿ-ի ղեկավարությանը ցույց տան, թե քանի ձայն կարող են ապահովել: Բանն այն է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող որոշ թեկնածուներ չեն ցանկանում այնտեղ տեսնել Բալասանյանի որդուն:

Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը մասնագիտությամբ դիվանագետ է, կրթվել է Չինաստանում: Մտերմիկ շրջապատում էլ հայտարարել է, որ ցանկանում է այնտեղ մշտական բնակություն հաստատել:

Ն. Կիրակոսյան
Գյումրի




Լրահոս