Հունվարի 20-ին կայացավ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը: ԱՄՆ-ն արդեն նոր նախագահ ունի, որի կառավարումը խոստանում է լինել բավականին աղմկահարույց՝ հաշվի առնելով նախընտրական քարոզարշավն ու ընտրությունների անակնկալ արդյունքները: Այսպիսով՝ ավարտվեց ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ժամանակաշրջանը, որն այլեւս պատմության սեփականությունն է, եւ վերջինիս է վիճակված գնահատելու նախկին նախագահի ձեռքբերումներն ու կորուստները:
2008թ. Բարաք Օբաման հանդես էր գալիս իբրեւ ամերիկյան երազանքի իրական մարմնավորում` որպես մի տաղանդավոր քաղաքական գործիչ, որը դժվարին պայմաններում կարողացել էր հասնել աշխարհի թերեւս բարձրագույն պաշտոնին: Օբամայի երիտասարդ լինելն ու հասարակությանը մատուցած թարմ գաղափարները նրան դրականորեն առանձնացնում էին իր մրցակիցներից:
Նախ ներկուսակցական պայքարում Օբաման հսկայական առավելություն ուներ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի, իսկ ընտրությունների վերջին փուլում արդեն Հանրապետական կուսակցության թեկնածու Ջոն Մաքքեյնի նկատմամբ: Հիշարժան է, որ Օբամայից առաջ ԱՄՆ-ում իշխում էր հանրապետականների վարչակազմը, եւ ամերիկյան քաղաքական տրամաբանության շրջանակներում լիովին օրինաչափ էր, որ հաջորդ նախագահը պիտի ներկայացներ Դեմոկրատական կուսակցությունը: Հանրապետական-դեմոկրատ փոխատեղումները հարկ է ընկալել պատմական ցիկլերի հաջորդականության համատեքստում` պայմանավորված փոփոխությունների հանդեպ ամերիկյան հասարակության մշտական ծարավով: Նույն իմաստով զարմանալի չէ, որ Օբամայից հետո Սպիտակ տան կառավարումն անցնում է հանրապետականների ձեռքը` ի հեճուկս արդեն նախկին նախագահի բավականին բարձր վարկանիշի:
Միացյալ Նահանգներում հետաքրքիր պրակտիկա է գործում, երբ սոցիոլոգիական հարցումներով չափվում է պաշտոնավարման ժամկետը ավարտող նախագահի հանրային վստահության աստիճանը: Այդ ավանդույթը գալիս է դեռ 1950-ականներից: ԱՄՆ 33-րդ նախագահ Հարիի Թրումընը Սպիտակ տունը լքում էր մոտ 32 տոկոս վարկանիշով, Դ. Այզենհաուերը` 59, սպանությունից առաջ Քենեդու վարկանիշը մոտ էր 60-ին, նրա հաջորդ Ջոնսոնը պաշտոնից հեռանալիս վայելում էր ամերիկացիների սոսկ 45 տոկոսի հավանությունը, Նիքսոնը` 25, Ֆորդը` 52, Քարթերը` 34, Ռեյգանը` 58, Բուշ ավագը` 48, Քլինթոնը 62, Բուշ կրտսերը` 30: Եվ ահա վերջին հարցումներով Օբամայի վարկանիշն ամերիկացիների մոտ տատանվում է 58-60 տոկոսի շրջանակներում:
Կարելի է ասել՝ նման ցուցանիշով Օբաման վերջին 50 տարիների ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն է: Հետաքրքիր է, որ վերջինս նույնիսկ չէր էլ խուսափում հրապարակավ այդ մասին բարձրաձայնելուց` պնդելով, որ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն ունենալու պարագայում անպայման կհաղթեր Դոնալդ Թրամփին: Ամերիկյան քաղաքական շրջանակներում բավականին հիմնավոր կարծիք կա այն մասին, որ բացի Հիլարի Քլինթոնից, ով էլ լիներ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն, հեշտությամբ կկարողանար հաղթել Դոնալդ Թրամփին:
Հատկապես շեշտվում է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի անունը, որը ընտրարշավի սկզբում կարծես ցանկանում էր իր անմիջական մասնակցությունն ունենալ, սակայն Քլինթոնի շրջապատին հաջողվել էր սաստել բավականին հեղինակավոր փոխնախագահին: Իրավամբ, Ջո Բայդենը մեծ հեղինակություն է վայելու թե՛ ամերիկյան ընտրողների, թե՛ քաղաքական ընտրախավի շրջանում, եւ պատահական չէ, որ Օբաման նրան պարգեւատրեց ԱՄՆ բարձրագույն պարգեւով՝ Ազատության նախագահական մեդալ-շքանշանով, որը նախկին նախագահներից ստացել է միայն Ռոնալդ Ռեյգանը, իսկ Հռոմի պապերից Հովհաննես Պողոս 2-րդը: Ի դեպ, իր նախագահական վերջին ելույթում Օբաման առանձնակի շնորհակալություն էր հայտնել Բայդենին` որպես փոխնախագահության համար իր առաջին եւ լավագույն ընտրություն ու մտերիմ ընկեր:
Կառավարման 8 տարիների ընթացքում Օբամայի ձեռքբերումները ամերիկյան հեղինակավոր պարբերականները 50-ից հասցնում են 400-ի: Որոշակի չափազանցություններից զատ` անհնար է չհամաձայնել, որ ԱՄՆ 44-րդ նախագահը իրական հաջողություններ է արձանագրել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Առաջին հերթին ասվածը վերաբերում է ամերիկացիների սոցիալապես անապահով խավերի համար ապահովագրության համակարգի ներդրմանը, որը հանրապետականները հետեւողականորեն փորձում են վերանայել:
Օբաման նման համակարգի ներդրմամբ արել էր մի բան, որ անկարող էին եղել նախորդ 5 նախագահները: Նա կարողացավ հաղթահարել նաեւ 2008թ. սկսված ֆինանսական ճգնաժամը` թերեւս ամենածանրը 1930-ականների Մեծ դեպրեսիայից հետո: Նա ավարտեց Իրաքի պատերազմը, որոշակիորեն կրճատեց ամերիկյան զորքերի թվաքանակը Աֆղանստանում: Օբամայի վարչակազմը ոչնչացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Օսամա Բեն Լադենին` լուծելով 2001թ. սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտի վրեժը:
Օբամայի վարչակազմին են վերագրում նաեւ արաբական գարնան ու դրանով պայմանավորված` Մերձավոր Արեւելքի բռնակալների իշխանազրկումը, նավթի գների շեշտակի անկումն ու Ռուսաստանի դիրքերի խայտառակ թուլացումը: Ի վերջո, Օբամայի իշխանությանը հաջողվեց Ռուսաստանին թշնամացնել Ուկրաինայի հետ` Պուտինին զրկելով արեւելյան սահմանի հուսալի բուֆերային գոտուց:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից` Ուկրաինայի անջատումը Ռուսաստանից խստագույնս սասանում է վերջինի դիրքերը` նրան զրկելով կայսրության ավանդական ընկալումից: Այս առումով, Օբամայի քաղաքականությունն ու հաջողությունները կարծես անգնահատելի են ԱՄՆ արտաքին քաղաքականության ապագայի համար:
Եվ այսպես՝ այսօր արդեն մեկնարկել է Թրամփի ամենահակասական, հակաքաղաքական նախագահության դարաշրջանը:
Օբամայի վարչակազմի անդուլ քննադատությամբ հանդես գալով եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու մեծագույն ջատագովությամբ հանդերձ` Թրամփը հարկադրված է լինելու սկզբունքային հարցերում շարունակել Օբամայի կուրսը: Վերջինս ենթադրում է թուլացնել Ռուսաստանն ու Չինաստանը` չզիջելով աշխարհակարգի ժանդարմի կարգավիճակը որեւէ մեկին: Որքան էլ Ռուսաստանը շտապի ուրախանալ Սպիտակ տանն իր ցանկալի թեկնածուի հայտնվելով` չպետք է մոռանա, որ ԱՄՆ-ն առաջին հերթին համակարգ է, եւ ընդունված խաղի կանոնները խախտելը Թրամփի համար կարող է նախագահությունն արժենալ:
Ն. Հովսեփյան