«Նաիրիտ գործարան»-ի պարտատերերի թիվը անցնում է 300-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հրապարակել է ընկերության պարտատերերի պահանջների նախնական ցանկը: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության նախնական պարտատերերի թիվը կազմում է 307, որոնց մեջ են մտնում նաեւ մի քանի ընկերություններ: Ըստ այդմ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն մոտ 9 մլն 950 հազար դոլար պարտք է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին, 219 մլն 262 հազար դրամ՝ «Նաիրիտ-2» ընկերությանը, 2 մլն 97 հազար դրամ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արհեստակցական արհմիությանը: Բացի այս՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ավելի քան 10 մլրդ 377 մլն դրամի չափով, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պարտք է ավելի քան 1 մլրդ 359 մլն դրամ, 89 մլն 334 հազար դրամ՝ «Երեւան ջուր» ընկերությանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն պարտք է «Մեգատեքս գրուպ» ընկերությանը՝ 39 մլն 300 հազար դրամ, «Էներգոկոր» ՍՊԸ-ին՝ 38 մլն 685 հազար դրամ, «Բիզնես ընդ մենեջմենթ սիսթեմս» ընկերությանը՝ 1.2 մլն դրամ, «Մետէքսիմ տերմինալ» ՍՊԸ-ին՝ ավելի քան 11 մլն դրամ: Հիշեցնենք, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի անցած տարվա նոյեմբերի 28-ի վճռով սնանկ ճանաչվեց: Դատարանը բավարարել էր «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը: Իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ՀԷՑ-ին պարտք է շուրջ 1.2 մլրդ դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս