Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերության շուրջ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ ընկերության սեփականատերերի փոփոխության գործընթացը իրականացվում է ոչ թափանցիկ՝ քողարկված ձեւով:
«Ժողովուրդ» օրաթերթը «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության վերաբերյալ բաց նամակ է ստացել, որտեղ նշված է, որ «ամեն ինչ արվում է տնավարի՝ ավանդական ձեւերով, որը կարելի է անվանել «խլոցի»: Ըստ ստացված բաց-նամակի՝ «Աշտարակ կաթ»-ը «Պարգեւ» ընկերությունից ստացել է կաթի փոշի եւ բուսական յուղ: «Արա եւ Արտակ Ասատրյանները, որոնք հանդիպել էին նախարարին (խոսքը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի մասին է) եւ ներկայացել որպես «Ադրա Ռեմարա»-ի ներկայացուցիչներ, նույն «Պարգեւ» ընկերության սեփականատերերն են:
Ու պարտքի դիմաց ցանկանում են ստանալ «Աշտարակ կաթ» ընկերությունը: Բայց սեփականատիրոջ փոփոխությունը իրավաբանորեն գրանցելը հեշտ չէ, որովհետեւ «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Դրա համար էլ այս պահին իրավական առումով այս պարտատերը որպես «Աշտարակ կաթ»-ի սեփականատեր հանդես չի գալիս»,- նշված է խմբագրության ստացած բաց նամակում:
Նշենք, որ ներկայումս «Աշտարակ կաթ» ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության աջակցությամբ կառավարվում է առողջացման ծրագրի կառավարչի՝ Արտակ Ավագյանի կողմից: Միաժամանակ բանակցություններ են ընթանում նոր ներդրող ներգրավելու ուղղությամբ: Խոսքը «Ադրա Ռեմարա» ընկերության մասին է: Ինչպես հայտնի է՝ այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեւական ժամանակ է, ինչ խանութներում վաճառվող «Աշտարակ կաթ» ընկերության կաթնամթերքի տուփերի վրա փակցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության դրոշմապիտակներ: Պարզելու համար, թե որն է պատճառը, «Ժողովուրդ»-ը նախ դիմեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե եւ հետաքրքրվեց, թե «Աշտարակ կաթ» ընկերությունը կոնկրետ ի՞նչ առնչություն ունի ԼՂՀ-ի հետ:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ «Աշտարակ կաթ»-ի ապրանքանիշն այժմ արտադրվում է Արցախում հաշվառված ընկերության կողմից, հետեւաբար մակնշված է տեղի ֆինանսների նախարարության դրոշմապիտակներով:
Այնուամենայնիվ, այս եւ ընկերության գործունեության հետ կապված մյուս հարցերին վերջնական պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանի հետ: Վերջինս նշեց, որ «Ադրա Ռեմարա» ընկերությունը իր գործունեութունը Հայաստանում իրականացնում է «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով: «Այն հանդիսանում է ղարաբաղյան ընկերություն, որի իրավաբանական հասցեն Արցախում է: Քանի որ ինքը ղարաբաղյան ընկերութուն է, այս պատճառով դրոշմապիտակները ձեռք է բերում հենց ԼՂՀ ՖՆ-ի կողմից»,- ներկայացրեց Ավագյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք «Աշտարակ կաթ»-ը «Պարգեւ» ՍՊԸ-ի կողմից «խլվել է» պարտքի դիմաց: Հարցին ի պատասխան՝ առողջացման ծրագրի ղեկավարն ասաց. ««Աշտարակ կաթ» ընկերությունը բազմաթիվ ընկերությունների է պարտքեր ունեցել, այդ թվում «Պարգեւ» ընկերությանը, բայց ունեցած պարտքի չափն այդքան մեծ չէ, որ այդ ընկերությունը կարողանա գործարանը պարտքի դիմաց վերցնել: «Աշտարակ կաթ»-ի առավելագույն պարտքը կազմել է 250-300 մլն դրամ: Բայց նույնիսկ այդչափ պարտքն էլ թույլ չի տալիս, որպեսզի այս հսկայական գործարանը դրա դիմաց վերցնեն:
Բացի այս՝ նշեմ նաեւ, որ սա գործարան վերցնել չէ, այլ առողջացման ծրագիր է: Ընկերության սեփականատերերի հետ մենք կապ ենք հաստատում. այս պահին մենք գտնվում ենք գրեթե վերջնական՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործունեությունը «Պարգեւ» ՍՊԸ-ին հանձնելու փուլում»: Ավագյանը, սակայն, հրաժարվեց նշել՝ ընկերության հանձնում-ընդունումը առքուվաճառքն է, թե ոչ:
Առողջացման ծրագրի ղեկավարը «Ժողովուրդ»-ին հայտնեց նաեւ, որ այս ընթացքում զուգահեռաբար մարվում են գյուղացիներին ունեցած պարտքերը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ