Փորձում եմ չթմրել ընտանեկան երջանկության մեջ. Շողեր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանդիսատեսն ու հեռուստադիտողը հետաքրքրվում է ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհի Շողեր Գրիգորյանի մասնագիտական գործունեությամբ եւ անձնական կյանքով: Բանն այն է, որ Շողերին վերջին անգամ տեսել ենք «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» ֆիլմում, սակայն նախկին ակտիվությունը, կարծես, դերասանուհին իր ոլորտում չի ցուցաբերում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շողերը, ով, ի դեպ, ամիսներ առաջ մայր է դարձել, կես կատակ-կես լուրջ նշեց, որ ինքն այժմ խաղում է իր փոքրիկ ռեժիսորի` որդու համար. «Փորձում եմ չթմրել ընտանեկան երջանկության մեջ, գիտեմ, որ ինձնից նորություն են սպասում: Դա շատ պարտավորեցնող է: Բայց այժմ ես խաղում եմ փոքրիկիս համար. եթե ծիծաղում է, ուրեմն կերպարս հաջողվել է (ժպտում է):

Իսկ, առհասարակ, չեմ պատկերացնում ինձ առանց թատրոնի: Գիտեմ, որ երբ ժամանակը գա, մենք դարձյալ միասին կլինենք։ Հուսով եմ, որ այդ պահը շուտ կգա, փոքրիկս արագորեն ինքնուրույն կդառնա, եւ ես հանգիստ կանցնեմ իմ սիրելի աշխատանքին: Շատ եմ կարոտում թատրոնը, այնպես, ինչպես մարդուն են կարոտում…»,- ասաց նա:

Մենք հարցրինք` Երեւանի հետ կապված ինչ ծրագրեր ունի Շողերը, եւ արդյոք հնարավոր է, որ վերադառնա հայրենիք. «Ես ու ամուսինս պլանավորում ենք մի նախագիծ կյանքի կոչել, որի արդյունքում կարող ենք մասնակցություն ունենալ հայաստանյան կյանքին: Բայց այդ մասին դեռեւս չեմ խոսի, տեսնենք` որքանով դա մեզ կհաջողվի:

Իսկ վերադառնալու, Հայաստանում հաստատվելու մասին դեռ չենք խոսում, բայց դա էլ կլինի, անխուսափելի է: Ի վերջո, օտարությունը հոգնեցնող է: Գուցե սկզբում հետաքրքիր է ծանոթանալը օտար մշակույթին, մտածողությանը, բայց հետո զգում ես, թե որքան ես հոգնել անընդհատ ներկայանալուց, անընդհատ օտար լինելուց…»,-խոստովանեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանից ֆիլմերում կամ այլ հեռուստանախագծերում նկարահանվելու հրավերներ ստանում է, Շողերը պատասխանեց. «Հայաստանից հրավեր չի եղել, բայց եթե հարմար առաջարկ լինի, սիրով կընդունեմ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս