
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը կրկին լարված է եղել, հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 430 կրակոց, ինչի արդյունքում մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սահմանում եղել է այնպես, ինչպես միշտ եղել է. «Որևէ արտառոց զարգացում տեղի չի ունեցել, պարզապես ցավալի է, որ ունեցանք ևս մեկ անդառնալի կորուստ»:
Ըստ նրա՝ թշնամին կրկին դիմում է ահաբեկչական գործողությունների: Հեռավոր դիրքերից կրակոցներ է արձակում, որի արդյունքում ունեցանք ևս մեկ զոհ:
«Արմատական փոփոխություն, ինչ-որ նոր որակ իրավիճակին չի հաղորդվել: Այնպես է ինչպես, որ կա»,- հավելեց նա:
Լիդա Եղիազարյան