
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի Նոբելյան մրցանակ ստանալ՝ օգտագործելով իր վարպետությունն աշխարհի ամենադժվար լուծվող կոնֆլիկտներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Նման կարծիք է հայտնել ամերիկյան Caspian Group Holdings ընկերության գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին:
«Թրամփի և նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան է առ այն՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաշխարհային հարթակում կոնֆլիկտների լուծման համար Միացյալ Նահանգների գործընկերը կլինի»,- գրում է Սոբհանին իր հոդվածում, որը հրապարակվել է The Washington Times պարբերականում:
Ընդ որում, վերլուծաբանն ընդգծում է, որ այդ հակամարտության կարգավորման բանալին գտնվում է ՌԴ նախագահի ձեռքում:
Վերլուծաբանը նշում է, որ վերջերս Բաքու կատարած այցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Ադրբեջանը աշխարհում այն քիչ մուսուլմանական երկրներից անվանեց, որն «արժանի է Վաշինգտոնի անմիջական և ոչ երկիմաստ ուշադրությանը»:
«Դոնալդ Թրամփի առջև խնդիր է դրված` համոզել Վլադիմիր Պուտինին` հակամարտության խաղաղ կարգավորման պլան ներկայացնել»,- գրում է Սոբհանին: