ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պրն. Սարգսյան
Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային Ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը:
2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։
Ինձ որպես հակափաստարկ բերվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը ոչ թե հերքում է իմ ասածը, այլ հակառակը՝ մեկ անգամ ևս հաստատում է իմ բերած փաստարկների իրավացիությունը։ Սահմանադրությունը երկրի հիմնական մայր օրենքն է, և այն չի կարող ստորադասվել որևէ այլ օրենքի, այդ թվում՝ ընտրական օրենսգրքին։ Երկու բարձրաստիճան պաշտոնյա ինձ հրապարակավ խորհուրդ է տվել՝ կարդալ ընտրական օրենսգիրքը։ Իսկ Սահմանադրությունը չկարդա՞լ, ինչ է։
Պարոն Նախագահ
Իմ հայտարարությունն առաջին հերթին ՀՀ քաղաքացու և հետո միայն իրավաբանի և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի մտահոգություն է։ Ես չեմ ուզում, որ մենք նոր Սահմանադրությամբ առաջին իսկ ընտրությունները սկսենք կասկածներով, և նույնիսկ խախտումով։ Իմ ասածն իսկապես մտահոգություն է, ոչ թե՝ քաղաքական նկատառում։
Ես այստեղ խոսում եմ միայն իրավական ասպեկտի մասին, սակայն չենք կարող հաշվի չառնել նաև, թե որքան ծանր օր է այլևս ապրիլի երկուսը մեր երկրի համար անցյալ տարվա իրադարձություններից հետո, և հոգեբանական ու բարոյական տեսանկյուններից որքան դժվար կլինի նման համապետական միջոցառման կազմակերպումը երկրի համար այդպիսի բարդ մի ամսաթվի։
Իշխանության մեջ կան առաջատար իրավաբաններ, որոնց տեսակետը և մասնագիտական կարծիքը հաշվի առնելով՝ իշխանությունը կա՛մ պետք է տա իրավական անթերի հիմնավորում, որ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումը անվիճելի է, կա՛մ պետք է ընդունի օրենքների անկատարությունը և վերանայի ընտրության օրը։
Վերջին տարբերակի դեպքում իշխանությունը ցույց կտա, որ իսկապես ձգտում է բացառել ընտրությունների օրինականության, լեգիտիմության և ընտրությունների արդյունքների հանդեպ, ի սկզբանե, որևէ կասկած և թերահավատություն։ Սրանից կշահի միայն և միայն պետությունը։
Հակառակ դեպքում, անգամ ընտրություններից հետո, այս հարցն անընդհատ կարող է վիճարկման առարկա դառնալ տարբեր ատյաններում, այդ թվում՝ միջազգային, և կարող է դառնալ քաղաքական շահարկման առարկա»։