Ինչպես է մահացու հրազենային վիրավորում ստացել պայմանագրային զինծառայողը. մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՔԿ փոխանցմամբ` սերժանտ Արայիկ Սարգսյանը որովայնի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի՝ որովայնի շրջանում վնասվածքն ստացել է՝ նույն զորամասի զինծառայողներից մեկի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողը, վերցնելով ծառայակցին ամրակցված ինքնաձիգը, մասամբ հանել է փամփշտատուփը և կատարել լիցքավորման գործողություն, ապա կարծելով, որ ինքնաձիգի փամփշտանոց փամփուշտ չի մտել, սեղմել է ձգանը։ Արդյունքում՝ արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող Ա. Սարգսյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս