ԲԱՐԴ Է ՈՒ ՄՏԱՀՈԳԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զեկույց է հրապարակել` մտահոգություն հայտնելով Հայաստանի նոր ընտրական համակարգի վերաբերյալ: «Մեր մի շարք զրուցակիցներ քննադատում են ընտրական համակարգի բարդությունը՝ համարելով, որ այն էականորեն շեղված է մաքուր համամասնական ընտրակարգից: Որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ քաղհասարակության ներկայացուցիչներ իրենց անհանգստությունն են հայտնել, որ տարածքային (առավելապես հայտնի է՝ ռեյտինգային անվանմամբ) ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաեւ ընտրողների ձայների գնման հնարավորությունը»,- նշել են զեկույցի հեղինակները` նոր ընտրական համակարգը որակելով «բարդացված»: Նկատենք, որ ռեյտինգային քվեարկության կարգի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաեւ նախկինում, երբ իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն ձեւաչափով բանակցությունների ժամանակ քննարկվում էր ԸՕ նախագիծը: Սակայն սա ընտրական համակարգի այն միակ դրույթն էր, որի շուրջ իշխանությունները չգնացին որեւէ զիջման, անգամ չփորձեցին իրենց առաջարկած տարբերակից կես քայլ նահանջել: Մինչդեռ, օրինակ, ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակմանն իշխանությունները թեեւ տասնյակ տարիներ դիմադրում էին, սակայն ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ճնշումների ներքո ստիպված էին համաձայնել` այն ներառելով ԸՕ-ում:

 

 
Սերժ Սարգսյանի դեմ հարձակման նոր փորձ է ծրագրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԱԱԾ-ի կողմից այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի եւ, առհասարակ, Ս. Սարգսյանի անվտանգության հսկողությունը: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Ուղղակի մենք մեր գործառույթները իրականացնում ենք ամբոջ ծավալով: Մեկին կարող է դա դուր չգա, բայց մենք նորմալ մեր աշխատանքային պրոցեսը իրականացնում ենք»: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Ս. Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ: Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ երկրի նախագահը եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին, մինչդեռ այս տարի Ս. Սարգսյանը ներկա չէր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ: Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելու համա՞ր:

 

 
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»: Թե ինչ միասնություն է ձեւավորվել Օհանյանի շուրջ, դժվար չէ կռահել` հաշվի առնելով մինչ այս եղած հայտարարությունները: Այն է` Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ը եւ էլի մի քանի մանր կուսակցություններ ու հայտնի անհատներ՝ Ամարասի Արթուր, կբոլորեն Օհանյանի շուրջ: Բայց խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր կամ վաղը պարզ կլինի` «Ծառուկյան» դաշինքի շուրջ ավելի շատ կմիավորվեն՞, թե՞ պաշտպանության նախկին նախարարի:

 

 
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Լոռու մարզում պատրաստվում է առաջադրել Վանաձորի ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արկադի Փելեշյանին` քրեական պատմություններով հայտնի Ակային: Ուշագրավը, սակայն, ոչ թե նրա առաջադրվելն է, այլ որ Ական փորձելու է ընդդիմադիր գործունեություն ծավալել ու ՀՀԿ-ի դեմ պայքարել այն դեպքում, երբ 2013-ին Սերժ Սարգսյանի թիմակիցն էր: «Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից, ի սրտե: Դրա համար էլ ընտրում են: Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել: Իրականից, ուզում է՝ իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արեւ, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,- մի առիթով 2013 իր հարցազրույցում ասել էր Փելեշյանը: Հետաքրքիր է, երբ Փելեշյանը «առերեսվի» իրականության հետ եւ որպես ընդդիմադիր գործիչ ստիպված լինի քննադատել «ի սրտե» ընդունված Սարգսյանին, ի՞նչ բառապաշար կգործադրի:

 

 

 
ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է
Նիկոլայ Բորդյուժայի՝ տարեվերջին արած աղմկահարույց հայտարարությունը, որից երկու օր անց նա հրաժեշտ տվեց պաշտոնին, հարուցեց ադրբեջանական կողմի հիստերիկ արձագանքը: Անգամ այդ երկրի նախագահը հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց, թե Բորդյուժան քաղաքական շատ մեծ սխալ թույլ տվեց՝ արտաբերելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառերը եւ արդյունքում «արժանացավ նման դառը ճակատագրի»: Արդյոք Բորդյուժայի հեռացումն իսկապես հետեւանք էր այդ հայտարարության, թե հակառակը՝ հեռացումը հենց պատճառն էր կամ առիթը այդպիսի դիրքորոշում հայտնելու, դժվար է միանշանակ ասել: Համենայն դեպս այդպիսով Մոսկվան միանգամից երկու նապաստակ խփեց. մի բան, որ մշտապես անում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները բալանսավորելիս: Եվ այդ առումով բավականին ուշագրավ էր ՀԱՊԿ քարտուղարության՝ երեկ տարածած հայտարարությունը: Դրանում որպես հասցեատեր նշելով ԶԼՄ-ներին՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր» սկզբունքով հստակ ուղերձ էր ուղղված հենց նախագահ Իլհամ Ալիեւին. «Զանգվածային լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում հայ-ադրբեջանական սահմանին 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն.Ն. Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ քարտուղարությունը Ն.Ն. Բորդյուժայի մեկնաբանության էության պարզաբանումը ավելի վաղ տվել է, որտեղ ընդգծված ուշադրություն էր դարձվում այն բանին, որ Կազմակերպության գլխավոր քարտուղարը հատուկ անհանգստություն եւ լուրջ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտացոլված է Կազմակերպության անդամ պետությունների հայտարարությունում, որը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29¬ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31¬ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան»,- ընդգծված է հաղորդագրությունում:
Այսպիսով՝ որքան էլ որ ՀԱՊԿ-ը մշտապես աչքի է ընկել իր ոչ ադեկվատ դիրքորոշմամբ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերում, այս անգամ, կարծես թե, այդ կազմակերպությունում որոշել են ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական գործուն դաշինքի հեղինակությունը դասել ավելի վեր, քան Ալիեւի նավթադոլարային գործընկերությունը: Մանավանդ որ նավթադոլարները սպառվում են, իսկ ՀԱՊԿ-ն էլ որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ ներկայացնելու հրամայականը՝ ավելի սրվում:




Լրահոս