Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, սակայն կուսակցությունների ներսում մասնակցության ձեւաչափի, համամասնական, ռեյտինգային ցուցակների եւ այլ հարցերի շուրջ քննարկումները դեռ ակտիվորեն շարունակվում են:
Առայժմ անհայտ են նաեւ ՀՀԿ ցուցակով խորհրդարան մտած մարդ-կուսակցությունների ներկայացուցիչների ճակատագրերը: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի եւ «Միացյալ ազատական ազգային կուսակցության» անդամ Նաիրա Կարապետյանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, ընտրություններին երեք ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: ՀՀԿ-ի հետ քննարկումներ եղե՞լ են, առաջարկ ստացե՞լ եք:
-Որ ասեմ՝ պաշտոնական շփումներ կամ քննարկումներ եղել են, ո՛չ: Բայց ես կարծում եմ, որ իմ եւ ՀՀԿ-ի համագործակցությունն այս ընթացքում անպտուղ, անարդյունք չի եղել: Ես այդ կարծիքին եմ, եւ մեր շփումներից նկատում եմ, որ այդ կարծիքը կիսում են նաեւ ՀՀԿ իմ գործընկերները: Բայց արդյոք այդ համագործակցությունը կունենա զարգացում, արդյոք այս համագործակցությունը ենթադրում է զարգացում. միգուցե այո, միգուցե ոչ, ես սա չեմ կարող ասել: Մենք ունենք ընդհանրություններ, միգուցե հենց դրանով է պայմանավորված մեր համագործակցության արդյունավետությունը: Մեր համագործակցության ապագայի խնդիրը պայմանավորված է միայն ՀՀԿ-ով, չեմ կարծում, որ նույնիսկ հաջողված համագործակցությունը կարող է պարտադրանքներ ստեղծել:
-Այսինքն՝ առաջարկ չե՞ք ստացել:
-Ո՛չ: Կարծում եմ, որ ՀՀԿ-ն դեռ ինքը փնտրտուքների մեջ է: ժամանակը կգա, կտեսնենք: Ես կրկնում եմ, որ որոշում կայացնողը նման դեպքերում պետք է լինի ՀՀԿ-ն: Ինքն է իրադարձությունների ղեկն իր ձեռքում պահում, եւ դա օբյեկտիվ է: Այդ համագործակցությունը պետք է լինի երկուստեք հետաքրքիր եւ շահավետ:
-Նշեցիք, որ Ձեր կարծիքով՝ ՀՀԿ-ի հետ ձեր համագործակցությունն անպտուղ չի եղել: Այսինքն՝ եթե առաջարկ չստանաք, նշանակում է՝ իրենց համար անպտո՞ւղ է եղել:
-Ես այդ կարծիքին չեմ: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքականության մեջ սկսում են ձեւավորվել գործոններ, որոնք ստիպում են ընդունել որոշումներ՝ նույնիսկ Ձեզ համար ոչ միշտ ցանկալի տարբերակով: Ես ենթադրում եմ, որ չի բացառված, որ նույն ՀՀԿ-ն կանգնի երկընտրանքի առջեւ՝ կուսակցական ամբողջականություն, թե համագործակցություն: Որեւէ նման որոշում ՀՀԿ-ի մենաշնորհն է: Ես ինքս պատրաստ եմ համագործակցության:
-Այդ դեպքում ՀՀԿ-ից կամ Սերժ Սարգսյանից նեղացվածություն չի՞ լինի:
-Բացարձակ: Ես եղել եմ ամենաբարձր պաշտոններին, դուրս եմ եկել, բայց երբեւէ չեմ նեղացել: Քաղաքականության մեջ այդպիսի կատեգորիա չի կարող լինել: Յուրաքանչյուր որոշում պետք է բխի տվյալ կառույցի հետաքրքրություններից: Ես երբեւիցե որեւէ մեկից չեմ նեղանում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյան
-Տիկի՛ն Կարապետյան, ընտրություններին ընդառաջ Ձեր մասով որեւէ որոշում առկա՞ է: Դուք ներառված կլինե՞ք ՀՀԿ համամասնական ցուցակում:
-Դեռ մեր կուսակցությունը համապատասխան որոշում չունի: Հստակ որեւէ բան չեմ կարող ասել: Քննարկումներ են տեղի ունենում:
-Այս չորս տարվա Ձեր աշխատանքային գործունեության մասին ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել ՀՀԿ-ականներից:
-Ես ոնց կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն գոհ է, թե դժգոհ է: Արձագանքներ չորս տարիների ընթացքում եղել են թե՛ դրական, թե՛ բացասական: Աշխատանքային պրոցես է, ես ինքս իմ աշխատանքը չեմ կարող գնահատել: Եթե մի տեղ կա, որ ես կարող եմ բերել օգուտ, բնականաբար, ես կլինեմ այդտեղ:
-Իսկ կարո՞ղ եք նշել, թե կոնկրետ ինչի՞ համար Դուք պետք է կրկին լինեք խորհրդարանում:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ նախ պետք է հասկանալ, թե հաջորդ խորհրդարանն ինչ ֆորմատով է լինելու, ինչ խնդիրներ է առաջ քաշելու: Եթե որոշվի, որ խորհրդարանում պետք է լինելու իմ գիտելիքների, իմ ունակությունների տեր մարդ, հենց դրա համար էլ ես կլինեմ խորհրդարանում:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՀՎԿ-Ն ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՋԱԴՐԻ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ նույն ինքը՝ Ական, հնարավոր է՝ ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվի Լոռու մարզում: Այս տեղեկության շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանից: Վերջինս, ըստ էության, հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով. «Ամենայն հավանականությամբ Արկադի Փելեշյանը կլինի նախընտրական ցուցակում, իսկ վերջնական որոշումը կկայացնի կուսակցության բարձրագույն մարմինը»:
Այն, որ Արկադի Փելեշյանը թե՛ իր կուսակցության՝ ՀՎԿ-ի եւ թե՛ Հայաստանի հանրապետական կուսակցության համար տարիներ շարունակ ընտրություններում Լոռու մարզում կարողացել է ցանկալի արդյունքներ գրանցել, նորություն չէ: Ամենաթարմ օրինակը հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրություններն էին, որոնց ժամանակ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ «Հայկական վերածնունդ»-ը կարողացավ բավականին լուրջ քվեներ ապահովել եւ արդյունքում հաղթահարելով անցողիկ շեմը՝ զբաղեցնել երրորդ հորիզոնականը: Նաեւ Փելեշյանի ջանքերով ստացված 5286 քվեները նախկին ՕԵԿ-ականներին հնարավորություն տվեցին հպարտորեն բարձրաձայնելու, որ իրենք միշտ ունեն իրենց հավատարիմ ընտրողները:
Սակայն Փելեշյանի՝ Ակայի գործունեությունն ունի նաեւ իր անցանկալի կողմերը: Նշենք, որ Արկադի Փելեշյանը հայտնի է որպես հեղինակություն եւ քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող անձնավորություն: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան, Փելեշյանը դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Մի խումբ մարդկանց ուղեկցությամբ Փելեշյանը մտել էր Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս: Արդյունքում՝ բազմաթիվ վնասվածքներով Ռաֆիկ Գրիգորյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշվում էր, թե Փելեշյանն ասել է, որ Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցու հովիվը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբաղ Համբարյանից գումար է վերցրել եւ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: ՀՀ քննչական կոմիտեն Փելեշյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը): Սակայն դեպքից որոշ ժամանակ անց Ռաֆայել Գրիգորյանը բողոքը հետ վերցրեց, եւ Փելեշյանը ազատվեց պատասխանատվությունից:
«Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից, ի սրտե: Դրա համար էլ ընտրում են: Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել: Իրականից, ուզում է՝ իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արեւ, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,- ահա այս խոսքերի հեղինակը (Արկադի Փելեշյան) որոշել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, այն էլ ընդդիմադիր դաշտում իրեն ընդդիմություն հռչակած «Հայկական վերածնունդ» կուսակցության շարքերում:
Չնայած Արկադի Փելեշյանի առաջադրվելն այլեւս զարմանք չի հարուցում: Ի վերջո, գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Ազգային ժողովի պատգամավորներ են ընտրվել այն մարդիկ, ովքեր իշխանության բարձրագույն օղակում ունեն հովանավորներ: Հենց այդ պահապանների «քավորությամբ» մեր խորհրդարանը ձեւավորվում է քաղաքականությունից եւ գրագիտությունից կիլոմետրերով հեռու մարդկանցով:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՍՊԱՍԵԼԻՍ
Արդյո՞ք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կընդգրկվի ՀՀԿ համամասնական ցուցակում. այս հարցը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Բանն այն է, որ նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին 4 տարում մշտապես բնակված լինի ՀՀ-ում: Նաեւ հստակեցված է, որ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե 1461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Իսկ Կ. Կարապետյանը 2011թ. աշխատել է Մոսկվայում` զբաղեցնելով «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահի պաշտոնը: Օրերս կայացած ասուլիսի ժամանակ Կ. Կարապետյանն այդպես էլ հստակ պատասխան չէր տվել` արդյո՞ք ինքը ՌԴ-ում աշխատելով 731 օր եղել է Հայաստանում. «Վերջին հինգ տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակի սահմանափակումը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու»: «Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեց ճշտել` արդյոք վարչապետը բավարարում է ՕԸ սահմանած պահանջները: «ԸՕ-ով սահմանված համապատասխան տեղեկանք տրամադրելու համար սահմանված են ժամկետներ, այն տրամադրվում է դիմելուց հետո երեք օրվա ընթացքում: Նմանատիպ տեղեկանք ստանալու համար որեւիցե անձի կողմից դիմում չի ներկայացվել: Դիմում ներկայացնելուց հետո նոր կիրականացվեն ստուգումներ, եւ պարզ կլինի: Եթե չի իրականացվել, հետեւաբար չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- մեկնաբանեց վարչության պետը: Հասկանալի է, որ ՀՀ ոստիկանությունն այդ տեղեկանքը կտա միայն քաղաքական հրահանգի արդյունքում: Իսկ քանի որ այն դեռ չկա, պատասխանն այսպիսին է:
ՄԻԱՅՆ ՊՐԵՄԻՈՒՄ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընթացիկ տարվա համար գնել է 6070 լիտր պրեմիում տեսակի բենզին: Այն ձեռք է բերվել «Մաքսհուր» ՍՊԸ-ից, որը, զարմանալի զուգադիպությամբ, եղել է գնման համար հայտարարված մրցույթի միակ մասնակիցը: Հանձնաժողովը բենզինի համար պետական միջոցներից վճարել է 1 մլն 990 հազար 960 դրամ: Սակայն անհասկանալի է, թե ինչու հենց պրեմիում եւ ոչ թե ռեգուլյար տեսակի բենզին, որն ավելի էժան է:
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հարկային պարտավորությունները չկատարելու համար տուգանել է «Նավթ եւ գազ» ՍՊԸ-ին` գանձելով ավելի քան 4 մլն դրամ: Այդ ընկերության հիմնադիրները Խաչատուր Հովսեփյանը եւ Ռոման Մուրադյանն են: Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, Խ. Հովսեփյանը ժամանակին զբաղեցրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին պատկանող «Դալար գազ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը. սկզբում այս ընկերությունն ամբողջությամբ պատկանել է Ա. Աբրահամյանին, սակայն նա հետո մասնաբաժինը վաճառել է Խ. Հովսեփյանին: