ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐԻ ՔԵՖԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պետական միջոցներով ամանորյա կորպորատիվները կազմակերպվում են ոչ միայն գերատեսչությունների, այլեւ ուսումնական հաստատությունների կողմից: Անցած տարեվերջին ամանորյա նման միջոցառում կազմակերպվել է նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի համար:

«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմի համար ամանորյա միջոցառումը ռեստորանային համալիրում կազմակերպելու նպատակով նախապես հրավեր, հայտարարություն է հրապարակվել:
Ըստ այդ հայտարարության՝ ամանորյա միջոցառումը կազմակերպվել է մինչեւ 500 անձի համար, իսկ պահանջների մեջ նշված է եղել, որ այն պետք է ընթանա ընդարձակ, երկու հարկանի սրահում՝ հյուրերի համար նախատեսված մեծ նախասրահով եւ հանդերձարանով: Միջոցառման շրջանակում մրցանակաբաշխությունը կազմակերպելու համար որպես անհրաժեշտություն նշվել է լուսային, հնչյունային եւ ձայնային տեխնիկայով ապահովված բեմի առկայությունը: Պոլիտեխնիկցիները պահանջել են նաեւ, որ ռեստորանային համալիրի մուտքի հարեւանությամբ լինի առնվազն 100 ավտոմեքենայի համար նախատեսված ընդարձակ ավտոկայանատեղի: Իսկ ռեստորանային համալիրը պետք է ունենա բարձր որակի մասին հավաստող ներկայացուցչական փաստաթուղթ կամ պարգեւ: Նրանց պահանջների մեջ նշված է եղել նաեւ, որ ռեստորանային համալիրը ՀԱՊՀ-ից՝ ք. Երեւան, Տերյան 105 հասցեից, պետք է լինի ոչ ավելի, քան 6 կմ հեռավորության վրա:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ պոլիտեխնիկցիները Ամանորը նշելու համար պահանջել են հնչունային ռեժիսոր, դիջեյ, հանդիսավար, լուսային ռեժիսոր, երգչախումբ, երգիչներ, որոնք իրենց երգացանկը պետք է նախապես համաձայնեցնեն պատվիրատուների հետ: Այսքանն առանց տոնական տորթի, իհարկե, անհնար է: Պոլիտեխնիկցիները պահանջել են, որ լինի նաեւ հրավառություն եւ տորթ՝ 6 հատ:
Իսկ տոնական սեղանին պահանջվել է մատուցել մսի, պանրի, ձիթապտղի, կանաչու, թթվի տեսականի, քամած մածուն, կիտրոն, լոլիկ, վարունգ, պղպեղ, աղցաններ՝ «Վենեցիա», «Կեսար», մայրաքաղաքային, խոզի, հորթի սուկիից խորոված, հավի, տավարի քաբաբ, պլեճ կարտոֆիլ, թառափ ձուկ, խավարտներ՝ բրոկոլիի, սնկի, լոբու, ծաղկակաղամբի, հավի թեւիկ:
Տոնական սեղանին դրվել է նաեւ 72 հատ 0.5 լիտր «Աբսոլուտ» օղի, 45 հատ «Վերնաշեն» գինի, սուրճ, թեյ, հաց, 1050 հատ հանքային ջուր, լիմոնադ, կոլա, մրգի տեսականի, բնական հյութ: Ի դեպ, պոլիտեխնիկցիների քեֆը ֆինանսավորվել 2016 թվականին՝ ծառայությունը մատուցելուց հետո հինգ բանկային օրվա ընթացքում:
Ամանորյա այս «քեֆի» հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց պոլիտեխնիկի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ ամանորյա միջոցառումը անցկացվել է դեկտեմբերի 29-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: «Միջոցառմանը կազմակերպվել է պոլիտեխնիկական մրցանակաբաշխություն, քանի որ միշտ մենք այն ամփոփում ենք Ամանորի նախաշեմին, ուստի կոչեցինք «Ամանորը պոլիտեխնիկում»: Մենք ամեն տարի խրախուսում ենք լավագույն ուսանող անվանակարգի, լավագույն ստեղծագործական աշխատանքների, հասարակական ակտիվության եւ բարձր առաջադիմության համար: Միեւնույն ժամանակ մրցանակաբաշխության ընթացքում իրականացվում է հասարակական ակտիվություն ծավալած ուսանողներին սպիտակ դիպլոմների շնորհման արարողութունը»,- ներկայացրեց Գ. Վարդանյանը:
Ուսանողական խորհրդի նախագահը նշեց նաեւ, որ «Ամանորը պոլիտեխնիկում» միջոցառման ամբողջ փաթեթն արժեցել է 3 մլն 650 հազար դրամ: Բայց այն ֆինանսավորվել է ոչ թե պոլիտեխնիկի, այլ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հատկացրած միջոցներով:
«Եւ որպեսզի Ձեզ համար պարզ լինի՝ գումարը հատկացվել է ոչ միայն ռեստորանային համալիրի, այլեւ հանդիսավարի, երգիչների, դիջեյի, երաժշտության համար: Ամբողջ փաթեթի համար ծախսվել է մոտ 3 մլն 650 հազար դրամ»,- ներկայացրեց Գոռը՝ հավելելով, որ յուրաքանչյուր տարի անցկացվում է ամանորյա նման միջոցառում:
Նկատենք, որ շուրջ 10 տարի է, ինչ Հայաստանի պետական բյուջեից Սերժ Սարգսյանի կարգադրությամբ գումարներ են տրամադրվում հասարակական կազմակերպություններին, եւ, կարծես թե, արդեն ավանդույթ է դարձել, որ հասարակական կազմակերպությունների միջեւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավասությունը վերապահվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որն էլ ղեկավարում է արդեն ոչ այնքան երիտասարդ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը: Իսկ ՀԵՀ-ին տրված միջոցները ծախսվում են բնապահպանության, ծխելու դեմ պայքարի, վերարտադրողական առողջության վերաբերյալ միջոցառումներ կազմակերպելու համար: Թե պոլիտեխնիկցիների ամանորյա քեֆերն ու մրցանակաբաշխությունը ինչ կապ ունեն վերը նշվածի հետ, անհասկանալի է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս