ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան առջեւ

Երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան առջեւ տեղի է ունեցել բողոքի ակցիա Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջան արտահանձնելու մտադրության դեմ: Ակցիայի մասնակիցները դեսպանատան առջեւ վանկարկում էին «Ղարաբաղն Ադրբեջան չէ», «Մի՛ սատարեք ալիեւյան իշխանություններին» եւ ցանկանում էին հանդիպել դեսպանին եւ հանձնել բողոք-նամակ: Դեսպանը, սակայն, չիջավ, ու ցուցարարները ստիպված բողոք-նամակն ու պաստառները թողեցին դռան առջեւ եւ «ամոթ-ամոթ» վանկարկումներով հեռացան:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ նկարիչների միության անդամ դառնալու համար արդյո՞ք պարտադիր է մասնագիտական կրթություն ունենալ: Եվ ընդհանրապես, ի՞նչ չափանիշներ են հարկավոր՝ այդ կառույցի անդամ լինելու համար:

Արման Գալոյան (33 տարեկան, լրագրող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մենք արդեն այս տարվա պլանն ունենք: Մինչեւ տարվա վերջ դիմողը պետք է ներկայանա նկարիչների միություն, տեսնի պլանը, թե ինչ հանրապետական ցուցահանդեսներ կան, որոնց ինքը կարող է մասնակցել: Քաղաքացին պետք է բերի աշխատանքներ, որից հետո հանձնաժողովը կա՛մ ընդունում է տվյալ աշխատանքը, կա՛մ ոչ: Եթե աշխատանքն ընդունում է, ապա դիմողը մասնակցում է երեք կամ չորս ցուցահանդեսի, որից հետո նոր միայն նա կարող է դիմել միություն՝ ընդունվելու համար: Իհարկե, մասնագիտական կրթություն պետք է, բայց եթե տաղանդավոր է լինում, թեեւ հազվադեպ են նման դեպքեր պատահում, ապա ոչ մասնագիտական կրթությամբ են ընդունվում: Եթե շատ շնորհալի եւ տաղանդավոր է լինում դիմողը, բացառություն կարող է լինել:

Հայաստանի Հանրապետության նկարիչների միություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ մեկ տարվա ընթացքում նկարիչների միությունում 45֊50 ցուցահանդես է կազմակերպվում, որոնց մասնակցում են միության գրեթե բոլոր անդամները:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ 6 տարվա աշխատանքային ստաժ: Շուտով լրանում է իմ 63 տարեկանը: Ուզում եմ իմանալ, թե որքա՞ն է կազմելու իմ կենսաթոշակի չափը: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ:

Արմինե Սահակյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում եմ, որ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը 65 տարին լրանալու դեպքում:
Ըստ Ձեր դիմումի՝ քաղաքացին ունի 6 տարվա աշխատանքային ստաժ:
Ելնելով վերոգրյալից՝ քանի որ նա չունի 10 օրացուցային տարվա աշխանքային ստաժ, նրան տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակել հնարավոր չէ: Դիմողը ծերության նպաստի իրավունք կունենա, երբ լրանա նրա 65 տարին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակայինապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ եւ չի աշխատում: Ի դեպ, տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ, իր հայեցողությամբ: Նշենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:




Լրահոս