ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իր կողմից փակված քաղաքական էջը բացելու եւ լայն դաշինքով ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին: Այս հայտարարությունը դեռ շատ կմեկնաբանվի ու կքննադատվի, բայց մի բան ակնհայտ է. նրան «չագուճ ու մեխով» քաղաքականությունից դուրս հրավիրող Հանրապետական կուսակցությունը երեկ ողջ օրը ընդհատակում էր: Նախկինում «բլբուլ կտրած» գործիչները, որոնք Ծառուկյանին քաղաքական չարիք էին համարում, խուսափում էին մեկնաբանել Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Եւ այս իրավիճակում Ծառուկյանի վերադարձը մեծապես խայտառակություն է հենց ՀՀԿ-ի համար, քանի որ իշխող այդ կուսակցության առաջնորդն էր ամպագոռգոռ հայտարարություններ անում, թե կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա, ստացվում է, որ ապրում ենք կրկեսի վերածված հայրենիքում: Ու որքան էլ իշխանական շրջանակներից լուրեր տարածվեն, թե Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին «գործուղել» քաղաքական դաշտ, միեւնույն է՝ Ծառուկյանի վերադարձը հարված էր հենց ՀՀԿ-ի համար: Ծառուկյանը նրանցից կտանի ե՛ւ ձայներ, ե՛ւ մարդկային ռեսուրս, որոնք տարիների ընթացքում նեղացել են ՀՀԿ-ից:

 

 
Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձի մասին հայտարարության մեջ ասվում էր, որ լայն դաշինքով է մասնակցելու ընտրություններին: Արդյո՞ք դա նշանակում է, որ ԲՀԿ-ից դուրս եկած գործիչներն էլ կվերադառնան: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հետ: «Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել,- ասաց Զաքարյանը՝ հավելելով,- 2007թ. մայիսին մենք՝ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի ԱԺ փոխնախագահ: Այնուհետեւ՝ ՎՊ նախագահ… Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակցություն չունենալ: Գագիկ Ծառուկյանին վստահում եմ, մենք ընկերներ ենք եւ երկար ճանապարհ ենք անցել: Ես կանգնելու եմ նրա կողքին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը:

 

 

 

Երեւանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Վերջին տվյալներով՝ ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը: Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց: Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 
ՀՀ ոստիկանությունը որոշել է սատարել Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի բիզնեսին: «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք առեւտրականներից ահազանգ ստացավ այն մասին, որ Քոչարյանին պատկանող «Stefano Ricci» բրենդային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն` խնդրելով արգելել այդ ապրանքանիշի իրացումը: Դիմումից հետո ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցները գազանաբար մուտք են գործել առեւտրի մի շարք կենտրոններ եւ փաստացի առգրավել «Stefano Ricci»-ի անունով բոլոր իրերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ ԿՀԴՊԳՎ աշխատակիցները «Stefano Ricci»-ից ստացված գրության հիման վրա համապատասխան առեւտրային կետերում հաշվառել են ապրանքները եւ տեղում ի պահ հանձնել վաճառողներին: Նշենք, որ մանր գործարարներն այլ երկրներից առանց խոչընդոտների միանգամայն օրինական ճանապարհով Հայաստան են ներմուծում մի շարք հայտնի բրենդների ոչ օրիգինալ տարբերակները եւ այստեղ իրացնում: Բայց հիմա պարզվում է՝ «Stefano Ricci» անունով ապրանքներ վաճառելն արգելված է մեր երկրում: Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարում է, թե մանր բիզնեսին չեն խոչընդոտում այսօր: Իրո՞ք:

 

 

 
ԱՆԿՈՆՍԵՆՍՈՒՍ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփող ասուլիսի ընթացքում երեկ անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Ընդգծելով, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց ուժի կիրառման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ, Լավրովը հիշեցրել է. «Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները, ինչպես նաեւ այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ հատկապես եռանախագահների ընդունած հինգ հայտարարությունները /Լ՛Աքվիլի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի եւ Սոչիի/ ՀՀ արտգործնախարարը մշտապես մեջբերում է՝ դրանց հղում կատարելով որպես հայկական կողմի համար ընդունելի հիմնաքարեր: Եվ այս առումով Լավրովի հիշատակումը ուշագրավ է:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ անդրադարձել է ապրիլյան պատերազմին՝ վերստին հետաքրքիր նրբերանգներով ներկայացնելով հաջորդած զարգացումները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները՝ անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում»: Այսպիսով՝ Լավրովը փորձում է ընդգծել Ռուսաստանի առանձնակի դերակատարությունը հետաքննության մեխանիզմների ներդրման շուրջ համաձայնության ձեռք բերման հարցում՝ այդ նպատակով նաեւ հիշեցնելով, որ սահմանային միջադեպերի հետաքննության հարցը բարձրացվել է դեռեւս 2011թ.՝ վերստին Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող հանդիպման ընթացքում, Աստրախանում: «Ցավոք, նման տարրական բանը չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռեւս չկա կոնսենսուս ԵԱՀԿ ներսում»,- ասել է ՌԴ արտգործնախարարը եւ շեշտել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «բացառապես Ադրեջանի ներքին գործը չէ»։
Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է այն հարցը, թե ում բացահայտ եւ քողարկված ջանքերի արդյունքում է, որ այդ կոնսենսուսը չի կայանում, եւ ինչ նպատակով է ԵԱՀԿ գործունեությունից դժգոհություն արտահայտվում ՌԴ ԱԳՆ կողմից: Հարցի պատասխանը առաջ է գալիս, երբ հիշում ենք, թե ով է «Լավրովյան պլանի» հեղինակը:




Լրահոս