Այսպիսով` կարելի է ասել, որ քաղաքական դաշտի գլխավոր ինտրիգը հանգուցալուծվեց: Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարության արդյունքում հայրենի քաղաքական դաշտում եղած խաղաքարտերը գրեթե ամբողջությամբ խառնվեցին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի շարք ուժեր ու գործիչներ դոմինոյի էֆեկտով կսկսեն հայտարարել Ծառուկյանին հանդիպելու, ապա՝ միանալու մասին: Եւ որքան էլ խոսվի, թե Ծառուկյանի վերադարձը թելադրված է նախագահի նստավայրից, քաղաքական պայմանավորվածության արդյունք է, միեւնույն է` իրականում Գագիկ Ծառուկյանի վերադարձը պայմանավորված չի եղել Սերժ Սարգսյանի հետ: Մինչեւ վերջին պահը տարբեր մակարդակի բանագնացներ են գնացել Ծառուկյանի տուն` համոզելու, որ հետ կանգնի քաղաքականություն վերադառնալու մտքից, բայց չստացվեց: Նա որոշեց մտնել մրցապայքարի մեջ:
Հետաքրքիրն այն է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հենարանը միայն ԲՀԿ-ն չէ: Ինչպես ինքը հայտարարեց՝ լայն ճակատով է մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Այդ դաշինքը լինելու է հենց ֆավորիտի` Գագիկ Ծառուկյանի անունով` «Ծառուկյան» դաշինք, որի մեջ կլինեն մեծ ու փոքր կուսակցություններ, պաշտոնյաներ, գործիչներ:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ ներգրավված չի լինելու այդ պրոյեկտում: ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը», Արամ Սարգսյանի ՀԴԿ-ն եւ ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը, որոնք միավորվելու շուրջ բանակցում են, թերեւս կձգտեն միավորվել «Ծառուկյան» դաշինքի կազմում, եթե տարվող բանակցությունները հաջող ավարտ ունենան: Նշենք, որ ե՛ւ Օհանյանը, ե՛ւ նշված եռյակը թեեւ կուսակցություն կամ կուսակցական հենարան որպես այդպիսին ունեն, բայց իրականում թիմի, անգամ 2000 վստահված անձերի խնդիր ունեն: Այսինքն` ընտրություններին միայնակ մասնակցելու պարագայում անհայտ է, թե ինչ արդյունք կգրանցեն` հաշվի առնելով Օսկանյանի ձախողումը Գյումրիում եւ Վանաձորում:
Ինչեւէ, շարունակելով Ծառուկյանի թեման՝ նշենք, որ իր պոտենցյալ դաշնակիցների հետ զրույցում նա հայտարարել է, որ ֆինանսական ու մարդկային ռեսուրսի խնդիր չի ունենալու: Եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ին իրական այլընտրանք բոլոր իմաստներով մնում է «Ծառուկյան» դաշինքը: Լա՞վ է սա, իհարկե, ոչ, քանի որ քաղաքական դաշտն այնքան ամայացած է, որ նոր ուժեր այդպես էլ չեն կարողանում ձեւավորվել, եւ ստիպված ենք լինում թերթել արդեն կարդացված էջերը: Բայց փաստ է, որ իրականում ՀՀԿ-ի մոնոլիտ իշխանությունը միայն հենց «Ծառուկյան» դաշինքով է հնարավոր կոտրել, քանի որ ՀՀԿ-ից հետո միայն ԲՀԿ-ն ունի հաստատուն կառույցներ ՀՀ ողջ տարածքում, կայացած թիմ եւ հեղինակություն վայելող անհատներ եւ կարող է իրական «կռիվ տալ» ՀՀԿ-ի հետ:
Այնպես որ, ուզենք-չուզենք, լավ թե վատ, իրավիճակն այսպիսին է:
Նկատենք, որ ընդդիմադիր դաշտում եւս լայն ընտրություն չունենք: Ակտիվ գործում է «Հանրապետություն», ՔՊ եւ ԼՀ կուսակցությունների «Ելք» դաշինքը: Ու եթե դաշինքի շուրջ միավորվի նաեւ ՆԺԿ նախագահ, իրական ընդդիմադիր կերպար Արամ Կարապետյանը, ապա կարելի է ասել՝ ընդդիմադիրների ճակատը հենց նրանք են լինելու:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը եթե իշխանական աջակցություն չունենա (թեեւ մամուլը գրում է, որ ՀՀԿ մարզպետներին հրահանգվել է տեղերում օգնել ՀԱԿ-ին), ապա դժվար թե կարողանա 5 տոկոս անցողիկ շեմը հաղթահարել:
Բարդ է լինելու նաեւ Դաշնակցության պարագայում: Իշխանական ռեսուրսներ ունենալու պայմաններում անգամ Գյումրիում Շիրակի մարզպետը չկարողացավ անցողիկ 5 տոկոս շեմը հաղթահարել: Եւ այդ իմաստով Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի համար բավականին անցանկալի իրավիճակ ձեւավորեց:
Ինչ վերաբերում է վերածնված ՕԵԿ-ին, ապա նրանք եւս փոքր հավակնություններով պետք է առաջ շարժվեն, քանի որ Ծառուկյանի թողած բացը այլեւս լրացված է, եւ շատ ձայների ակնկալիքները արդեն չկան: Թեեւ լուրեր կան, որ ՀՀԿ-ն կօգնի նաեւ վերածնված ՕԵԿ-ին, որպեսզի «ձայն կոտրի»:
Ահա այն պատկերը, որը ուրվագծվում է ապրիլի 2-ից առաջ: Եւ պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով ընտրելու լայն հնարավորություն չունենք:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԻԱՅՆ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՑ
Պետական գնումների կազմակերպմամբ եւ գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ զբաղվող «Ինտեր լիմենս» ընկերությունը հաճախ է զբաղվում պետական մի շարք գերատեսչությունների, այդ թվում` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի գնումներով: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ «Ինտեր լիմենս» ընկերությունը պատկանում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանին, որը մինչեւ ՊԵԿ-ում աշխատելը, եղել է ընկերության խորհրդի նախագահը: Այլ կերպ ասած՝ գործ ունենք հերթական կոռուպցիոն գործարքի հետ, երբ առավելությունը տրվում է պետական պաշտոնյաներին պատկանող ընկերություններին` նպաստելով նրանց բիզնեսի զարգացմանը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՊԵԿ, որտեղից էլ նշեցին. «Կարեն Բրուտյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ նշանակվելուց անմիջապես հետո օտարել է «Ինտեր լիմենս» ընկերության իր բաժնեմասը, ինչն արտացոլված է նաեւ Կ. Բրուտյանի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված եկամուտների հայտարարագրում: 2016թ. ընթացքում «Ինտեր լիմենս» ընկերությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի համար գնման որեւէ գործընթաց չի կազմակերպել, իսկ Կարեն Բրուտյանը ՊԵԿ նախագահի խորհրդական է նշանակվել 2016թ. մարտին, հետեւաբար տվյալ դեպքում կոռուպցիոն ռիսկի մասին խոսք լինել չի կարող»: Նկատենք, որ «Ինտեր լիմենս» ընկերության օտարման գործընթացը ձեւական բնույթ է կրում. հազիվ թե Կարեն Բրուտյանը ձեռք քաշած լինի իր ընկերությունից: Միգուցե «Ինտեր լիմենսը» չսպասարկի ՊԵԿ-ին, բայց շարունակում է սպասարկել պետական մյուս գերատեսչությունների:
ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ 2015թ. հունվարին Երեւանի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դաժանորեն սպանվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ամբաստանյալի աթոռին հայտնվեցին ինստիտուտի 4 կուրսանտներ, որոնցից մեկն էլ այդ ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին էր` Գնել Թեւոսյանը: Ավելին՝ ամբաստանյալի աթոռին հայտնվեց նաեւ անձամբ Զարմիկ Մարկոսյանը` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար: Գնդապետի դեմ հարուցված քրեական գործը 2015-ին ուղարկվել էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Տեւական ժամանակ է` դատական տեղեկատվական համակարգից հնարավոր չէ տեղեկանալ դատաքննության ընթացքին. համակարգը թույլ չի տալիս ծանոթանալ այդ գործին` բացելով «Դուք իրավասու չեք դիտելու տվյալ գործը» վերտառությամբ պատուհան: Սա, թերեւս, պատահական չէ, եւ ամենայն հավանականությամբ փորձ է արվում թաքցնել անգամ գործի դատաքննության օրերը:
ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐԵՑԻՆ
«Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատակիցների թեման թերեւս կարելի է փակված համարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ արդեն քիմպրոմցիներին փոխանցվել է իրենց ողջ աշխատավարձը: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ քիմպրոմցիները աշխատավարձ չէին ստանում, ինչի հետ կապված բողոքի ցույցեր էին իրականացնում Լոռու մարզպետարանի բակում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քիմպրոմի նախկին աշխատակից Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ գումարները փոխանցված են, ըստ նրա՝ իրենց տրվել են 2016թ-ի մարտից մինչեւ հունիս եւ նոյեմբեր ամսվա աշխատավարձերը: Դեկտեմբերի գումարներն էլ խոստացել են վճարել առաջիկա օրերին: Ասել է թե` վարչապետից դժգոհելու առիթ այլեւս չունեն Վանաձորում:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի
ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔՈՎ
Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադարձավ ուղղակի ժողովրդի կամքով: ArmLur.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: «Այդ վերադարձը կարող եք անվանել սառը ցնցուղ, կարող եք համարել ծանր հարված որոշ մարդկանց գլխին, կարող եք համարել, որ ստորությունը ՀՀ-ում ի վերջո երկար չի տեւում: Այն լուտանքը, սրիկայությունը, այն չափագրված հարձակումները, որոնք կատարվեցին քաղաքական գործչի հանդեպ, կատարվեցին ԱԺ-ում երկրորդ ուժի լիդերի հանդեպ: Եվ սա պետք է լիներ»,- ասել է նա:
ՄՈՍԿՎԱ ԿՄԵԿՆԻ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Երկու երկրների վարչապետերը հանդիպման ընթացքում կքննարկեն հայ-ռուսական համագործակցության օրակարգը: Նրանք կանդրադառնան նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը:
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ
Արցախի ՊՆ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե մի քանի օր առաջ հայկական զինուժը Թովուզի շրջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքից պայթուցիկ սարք է գցել, իսկ երեկ էլ օգտագործել է «Շմել»տիպի ռեակտիվ համակարգ: «Որ Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան», դա ակնհայտ է: Սակայն թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը…»,- նշել է Հասրաթյանը:
ՕՏԱՐ ԱՓԵՐԻՑ
«Ելք» դաշինքն իր քարոզարշավը սկսում է հայահոծ Լոս Անջելեսից։ Հունվարի 26-ին դաշինքի երկու ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այցելելու են Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, երեկոյան նախատեսված է մեծ հանդիպում լոսանջելեսահայության հետ։