ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ԵՎ 6-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին պատկանող հայաստանյան բրենդային ընկերությունը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն: Մեզ հասած տեղեկություններով` խնդիրը կապված է «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքի իրացման հետ:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին ահազանգել «Տաշիր» առեւտրի կենտրոնի մի քանի վաճառողներ եւ հայտնել, որ օրերս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը մուտք է գործել առեւտրի կենտրոնում գտնվող մի քանի սրահներ եւ առգրավել «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքատեսակի բոլոր իրերը: Ստեղծված իրավիճակի շուրջ մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց առեւտրի կենտրոն, որտեղ սրահների աշխատակիցները վախեցած հայացքներով պատմեցին, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները անսպասելի եկել եւ ասել, որ վերոնշյալ բրենդի ապրանքները ներկայացնեն իրենց: Վերջիններիս խոսքով՝ իրենք ներկայացրել են, թե «Stefano Ricci»-ի բրենդային ապրանքատեսակի ինչ ապրանքներ ունեն, որից հետո իրավապահները առգրավել են դրանք: Վաճառողները հայտնեցին, որ իրենց համար այդպես էլ անհասկանալի է մնացել, թե իրավապահները ուր են տանում իրենց ապրանքները:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Stefano Ricci» բրենդի հայաստանյան ներկայացուցչությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին: Պետք է նշել, որ «Stefano Ricci»-ն ամենաթանկ բրենդներից մեկն է, եւ ինչպես պարզեցինք՝ այս օրերին Հայաստանում բրենդային այս ապրանքատեսակի ամենամատչելի ջինսե տաբատի վաճառքը սկսում է 402 հազար դրամից՝ հասնելով մինչեւ 788 հազար դրամի, իսկ, օրինակ, ամենամատչելի կոշիկները վաճառվում են 480 հազար դրամով` հասնելով մինչեւ 1 միլիոն 800 հազար դրամի:
Ինչեւէ: Ինչ է իրականում տեղի ունեցել, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը մուտք է գործել առեւտրի սրահներ եւ առգրավել այս բրենդի բոլոր ապրանքները: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց. ««Stefano Ricci» ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը գրություն է ուղարկել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ հայտնել է, որ մի շարք առեւտրային կետերում ապօրինի վաճառվում է իրենց ֆիրմային ապրանքը: Գրության հիման վրա գլխավոր վարչության ծառայողները այցելել են ընկերության կողմից մատնանշված առեւտրային կետեր, հաշվառել են ապրանքները եւ տեղում ի պահ հանձնել վաճառողներին»:
Չնայած ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից վստահեցրին, թե ապրանքները հաշվառվել են եւ տեղում ի պահ հանձնվել վաճառողներին, սակայն մեզ հետ զրույցում վաճառողները միանգամայն այլ բան են պնդում` նշելով, թե իրենց ապրանքները տարել են անհայտ ուղղությամբ:
Ըստ էության ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրորդ նախագահի որդուն պատկանող ընկերությունը փորձում է ոստիկանության միջոցով վախեցնել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին: Արդյո՞ք սա անբարեխիղճ մրցակցության դրսեւորում չէ: Ինչպես հայտնի է՝ քաղաքացիները նմանօրինակ հայտնի բրենդերի ապրանքների հագուստները կամ այլ իրեր կարող են ձեռք բերել ավելի մատչելի գնով: Օրինակ՝ քաղաքացին ցանկացած առեւտրի կենտրոնից կարող է «Stefano Ricci»-ի ջինսե տաբատը (խոսքը նշված բրենդի պատենտի մասին է) գնել 20, 30 կամ 40 հազար դրամով: Սակայն այդ բրենդի հայաստանյան ներկայացուցչությունը իր այս վերջին քայլով փորձում է զրկել քաղաքացիներին մատչելի գնով նշված բրենդի հագուստի կրկնօրինակները ձեռք բերելուց:
Ինչեւէ: Այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը նույն փութաջանությամբ գործի կանցներ, եթե նրանց գրությամբ չդիմեր ՀՀ երկրորդ նախագահի որդուն պատկանող ընկերությունը կամ այլ հայտնի բրենդային ընկերության սեփականատեր:
Եվ այս ամենը՝ հավասար եւ ազատ մրցակցային դաշտ ստեղծելու մասին կառավարության խոստումների ֆոնին: Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, խոսելով մրցակցային հավասար պայմանների մասին, հայտարարել էր. «Ով ցանկանում է, թող ներկրի: Ոչ միայն բանան եւ դիզվառելիք, այլ ամեն ինչ: Այն ամենը, ինչ Հայաստանի օրենսդրության եւ նորմատիվների շրջանակներում է, խնդրեմ, կարող են ներկրել, խնդիր չկա»: Դատելով ստեղծված իրավիճակից՝ կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ արտահայտությունները միայն դատարկ խոսքեր են:
Իսկ ահա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության նիստերից մեկում ներկայացնում էր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության գործառույթները. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Սակայն, ինչպես ցույց է տալիս առկա իրավիճակը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն ու մյուս աշխատակիցները «ուխտի ականջում քնած են», մինչդեռ մի շարք ներկրողներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Հուսանք՝ այս խնդիրը եւս չի վրիպի պատկան մարմինների տեսադաշտից:
Վերջում հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում պաշտոնապես ներկայացված հայտնի բրենդային ընկերության սեփականատերերը փորձում են վախեցնել որոշ բիզնեսմենների: Վաճառողները մեզ հետ զրույցում պատմեցին, որ «Զիլլի» բրենդային հագուստի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում համարվում է Սամվել Վարդանյանը, որը վաճառողների շրջանում հայտնի է Քիթ Սամո մականվամբ: Վերջինս տարիներ առաջ եւս բողոք էր ներկայացրել իրավապահներին, թե մի շարք առեւտրային կետերում ապօրինի վաճառվում է իրենց ֆիրմային ապրանքը: Արդյունքում, իրավապահները վաճառողներից առգրավել էին ապրանքները, եւ միայն որոշակի գումարներ վճարելուց հետո վաճառողները կարողացել էին հետ ստանալ իրենց ապրանքը:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԲԱՆՏԱՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Անցած տարվա ապրիլի 25-ի ուշ երեկոյան Երեւանի Հալաբյան փողոցում 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Նախ հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեպքից հետո հաղորդեց, որ կատարվածը կենցաղային հողի վրա տեղի ունեցած անախորժությունների հետեւանք էր: Սակայն մինչ օրս այդպես էլ հայտնի չդարձավ՝ ի վերջո, տեղի ունեցածը պատահականությո՞ւն է, թե՞ նախապես պլանավորված գործողություն: Հայտնի է, որ պայթյունը ողբերգական հետեւանքներ թողեց. երկու ուղեւոր, այդ թվում ենթադրյալ մեղադրյալ Ռուբեն Բալյանը, մահացան, ութը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Դեպքից հետո Ռ. Բալյանի մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որոշ հանգամանքներ էր ներկայացրել՝ չբացառելով, որ հնարավոր է՝ որդին ինքնաշեն պայթուցիկներով փողոց դուրս գալով այլ նպատակ է հետապնդել, քանի որ խնդիր ուներ ինչ-որ անձանց հետ, մասնավորապես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի: «Տղաս նախկինում դատապարտված է եղել եւ ԴՀ-ում գտնվելու ժամանակ ծանոթացել էր Աֆրիկյանի հետ: Պայմանական ազատ էր արձակվել, երկրից դուրս գալու իրավունք չուներ, բայց գնաց Ռուսաստան: Ու այնտեղ գտնվելու ողջ ընթացքում գումար էր ուղարկում, որ ես Աֆրիկյանին տայի»,- ներկայացրել էր որդեկորույս մայրը: Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո իրավապահները քննություն էին սկսել: Նյութեր նախապատրաստելու ընթացքում հարցաքննվել է նաեւ Արսեն Աֆրիկյանը: Նրա խոսքով՝ 1990-ականների վերջին ԴՀ-ում պատիժ կրող Ռուբեն Բալյանին արտերկիր ուղարկելու իրավասություն ինքը չի ունեցել. «Կնոջ պատմածն իրականությանը չի համապատասխանում»,- մեր տեղեկություններով՝ իրավապահներին վստահեցրել է բանտապետը: Արդյունքում քրեական գործ չի հարուցվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կլարա Ոսկանյանը մանրամասնեց, որ Աֆրիկյանի հետ ինքը 90-ականներին է ծանոթացել, իսկ 2014-15 թթ. խնդիրներ են առաջացել ԴՀ նախկին աշխատակից, այժմ փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ. «Աֆրիկյանի հետ տեղի ունեցածը շարունակում եմ պնդել: Խնդիրն այլ է. Արսեն Մկրտչյանն էր խոստացել Ռուբենին արտերկիր ուղարկել եւ խաբեությամբ գումար էր վերցրել: Եվ կասկածներ ունեմ, որ դեպքի օրը որդիս նրա մոտ էր պատրաստվում գնալ»,- ասաց Կլարա Ոսկանյանը:
Վերջինս հայտնեց, որ այս հանգամանքները ներկայացրել է նաեւ իրավապահներին. «Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւոր գործերով քննիչին պատմել եմ ողջ եղելությունը: Եթե ծածկադմփոց անելու նպատակ չունեն, թող պարզապես հեռախոսազանգերը վերծանեն: Թե՛ փաստաբանի, թե՛ գումարի մասին խոսակցությունները ավելին են, քան պարզապես ապացույցներ»:
Արսեն Մկրտչյանի հետ կապ հաստատելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Մեր տեղեկություններով՝ այս հաղորդման հիման վրա եւս ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
680 ԿՐԱԿՈՑ
Հունվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 680 կրակոց:

 

ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է
Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԴԻՏՈՐԴ ԿԼԻՆԻ
Դերասան Հայկ Մարությանը պատրաստվում է որպես դիտորդ հանդես գալ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ընթացքում: «Ընտրությունների հետ կապված նվազագույնը, որ որպես քաղաքացի պետք է անեմ, այն է, որ ընտրատեղամասերից մեկում հանդես եմ գալու որպես դիտորդ եւ փորձելու եմ այդ տարածքում ապահովել նորմալ, արդար եւ թափանցիկ ընտրություններ»,- armtimes.com-ին ասել է նա:




Լրահոս