«ՀԱՅՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ Է ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քչերը գիտեն, թե ինչ ճանապարհ են անցել այն հայտնիները, որոնք «դատապարտված են» «հանրային անձի» պիտակը կրելուն: Մեր կողմից ճանաչված մարդկանցից շատերը, եթե երկրորդ անգամ ընտրության հնարավորություն ունենային, վստահաբար, նույն գետը չէին մտնի: Իսկ ինչպե՞ս եղավ, որ հազարավորներից հենց այդ մարդիկ դարձան «ընտրյալներ», որո՞նք են հայտնի լինելու առավելություններն ու թերությունները: Այս եւ այլ հարցերի պատասխանները գտնելու համար «Ժողովուրդ»-ը մեկնարկում է «Միլիոնից մեկը» շարքը: Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է:

Ո՛չ խուսափել է,
ո՛չ ջանք գործադրել
Երբեք չեմ խուսափել հայտնի լինելուց, չեմ դժգոհել այդ հանգամանքից, բայց նաեւ հատուկ ջանքեր չեմ գործադրել` դրան հասնելու համար: Մինչ հայտնի դառնալը ես ունեի բավարար ինքնագիտակցում` հասկանալու համար, թե ուր եմ գնում: Ուրիշ բան, որ այսօր այնքա՜ն հեշտ է լինել հայտնի: Մնում է լինել նաեւ սիրված: Իհարկե, բոլորը չեն կարող քեզ, քո աշխատանքը հավանության արժանացնել, բայց, կրկնում եմ, մի բան է` լինել հայտնի, մեկ այլ բան` սիրված: Հայտնի մարդուն սպառնացող վտանգներից մեկն էլ առնչվում է ունեցածը պահպանելուն: Որքան հեշտ կարող ես դառնալ հանրային անձ, նույնքան հեշտ էլ կարող ես կորցնել ձեռք բերածդ:

Հայտնիությունը հարաբերական է ու ժամանակավոր
Ես համարում եմ, որ արտիստական բախտս բերել է: Ճիշտ ժամանակին հայտնվել եմ ճիշտ տեղերում եւ որպես մասնագետ ձեւավորվել եմ մինչեւ հայտնի դառնալը: Այդ ժամանակվանից ես ծավալում էի թատերական գործունեություն, վարում էի տարբեր հաղորդումներ: Այսինքն` արդեն իսկ ունեի որոշակի ճանաչում: Իհարկե, առավել լայն մասսաները սկսեցին ինձ ճանաչել, երբ նկարահանվեցի սերիալներում: Ցավոք, այսօր շատերն են սերիալի միջոցով ճանաչում ստանում: Սերիալներն իրենց հոսքի հետ բերում են մեծ թվով շնորհաշատ եւ ապաշնորհ մարդկանց: Հետո, իհարկե, ժամանակը մաղում է նրանց, եւ պարզվում է, որ հայտնիությունը հարաբերական է ու ժամանակավոր:

Երբ դադարում ես ապրել
միայն քեզ համար
Հայտնի լինելու առավելությունը մարդկանց տված ջերմությունն ու սերն է, որը չի կարող չշոյել քեզ: Մենք էլ մարդ ենք, ու մեր կյանքում էլ էմոցիաները շատ մեծ տեղ ունեն: Ուրիշ հարց, թե որքանով ես գայթակղվում դրանով, եւ այդ ամենն ինչ հետեւանքներ է ունենում: Իսկ հանրային լինելու թերությունը, թերեւս, այն է, որ դադարում ես ապրել միայն քեզ համար: Բայց այս դեպքում էլ եթե կարողանում ես ինքդ քեզ հետ անկեղծ լինել, այդ թերությունը կարող է դառնալ չարյաց փոքրագույնը: Կարծում եմ` պետք է ի սկզբանե լինել պարզ այն հասարակության առջեւ, որի համար աշխատում ես: Այսինքն` պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս: Այլապես, եթե ինքդ քեզ համար կերպար հորինես, չես կարող անընդհատ այդ կերպարի մեջ մնալ: Իսկ եթե հայտնի անձը թե՛ իր հարցազրույցների ընթացքում, թե՛ աշխատանքային պրոցեսում ու հանրային վայրերում անմիջական է ու բնական, նրան իմ նշած երկակիությունը չի սպառնում:

«Գուցե ձայնս տաք տեղից է դուրս գալիս…»
Վերջերս շատ եմ մտածում այն մասին, որ իմ տեսակով հանրային անձ չեմ: Մեծ հաճույքով կապրեի ոչ հանրային կյանքով, կցանկանայի ունենալ բազմանդամ ընտանիք, շատ երեխաներ, սկեսուր, սկեսրայր, տալ, տագր, հատկապես հիմա, երբ արդեն համարյա 40 տարեկան եմ: Գուցե ձայնս տաք տեղից է դուրս գալիս, չգիտեմ… (ծիծաղում է): Երբեք էլ աստղային հավաքույթներն ինձ հոգեհարազատ չեն եղել, նման տեղերից արդեն հրավերներ չեմ էլ ստանում (գիտեն, որ չեմ գնա), եթե ստանում էլ եմ, հազվադեպ եմ գնում: Դա իմ աշխարհը չէ: Շատ մարդ սիրում եմ տեսնել միայն թատրոնում: Այնուամենայնիվ, երկրորդ անգամ եւս կընտրեի դերասանուհու մասնագիտությունը, որի հետ իմ հարաբերությունը կարող եմ անվանել համատեղելի անհամատեղելիություն:

Օնլայն լինելու փոխարեն
գրկել շանը
Չեմ սիրում հանդես գալ նաեւ օնլայն տիրույթում: Այդ է պատճառը, որ ոչ մի սոցցանցում գրանցված չեմ: Թեեւ գիտեմ, որ այսօրվա պահանջները այլ բան են թելադրում, բայց այսպես ինձ ավելի լավ եմ զգում: Դրա փոխարեն ես նախընտրում եմ հենվել իմ ճոճաթոռին, վայելել թեյս, գրկել շանս, իսկ քիչ հետո, գուցե, զայրանամ դստերս վրա, որ մաթեմատիկայի դասն ավարտին չի հասցրել…

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԻՆՉՈ՞Ւ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ
Արմեն Ամիրյանը` որպես մշակույթի նախարար, իր պաշտոնավարման առաջին իսկ օրերին նշում էր, որ աշխատելու է բաց եւ թափանցիկ: Դեռեւս 2016-ի սեպտեմբերին նա հավաստիացնում էր, որ իր բոլոր խորհրդակցությունները նկարահանվելու են եւ տեղադրվելու են նախարարության կայքէջում: Անցել է 4 ամիս, սակայն նախարարն այդպես էլ չի կատարել իր խոստումը: Մենք գրավոր հարցումով դիմեցինք պարոն Ամիրյանին` պարզելու, թե ինչու մինչեւ այժմ չեն տեղադրվել խորհրդակցությունների տեսագրությունները, եւ հետաքրքրվեցինք` այս պարագայում ինչպես է նախարարը պատրաստվում աշխատել բաց եւ թափանցիկ:
Ա. Ամիրյանի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ. «Նախարարությունում իմ խորհրդակցությունները չեն նկարահանվում եւ չեն տեղադրվում որեւէ կայքէջում: Որոշումն ընդունվել է ոչ թե բաց կամ թափանցիկ աշխատելու մտադրությունից նահանջելու, այլ այն պատճառով, որ համոզվեցի` աշխատանքային անկեղծ քննարկումները բացառվում են տեսանկարահանող սարքերի առկայությամբ: Մինչդեռ խորհրդակցությունների բուն նպատակը այդպիսի քննարկումների միջոցով ճիշտ լուծումներ գտնելն է: Ինչ վերաբերում է բաց եւ թափանցիկ աշխատելաոճ ունենալու խոստմանը, կարծում եմ` ես այն չեմ դրժել, քանի որ աշխատանքային խորհրդակցությունների ծայրեծայր տեսագրությամբ ու հրապարակմամբ չէ, որ պայմանավորված է աշխատանքի նման ոճը»:
Նախարարի պատասխանից կարելի է ենթադրել, որ նա տվյալ խոստումը տալուց առաջ լավ չէր պատկերացրել իրավիճակն ու դրա հետեւանքները: Բացառված չէ նաեւ, որ նիստերի ընթացքում ծավալվող խոսակցությունները սպասվածից ավելի անկեղծ են դուրս եկել:

 

 

 

ՋԵՌՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐ ԿԱ
Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման խնդիրը խիստ մտահոգիչ է: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Նրա խոսքով` կառույցը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: «Կաթսայատունը օր ու գիշեր աշխատում է, սակայն ջերմությունը մնում է ցածր: Մեզ նոր ազգային պատկերասրահ է պետք: Եթե նույնիսկ հնարավորություն չկա նոր շենք կառուցելու, միանշանակ պետք է ջերմության պահպանման համար սկսել ինչ-որ աշխատանքներ կատարել»,-նշել է Ծատուրյանը:
Նա հավելել է, որ ռեստավրացիայի` 9 հոգանոց բաժինը հսկայական աշխատանք է տանում՝ վնասված կտավները վերականգնելու ուղղությամբ:

 

 

 
ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ
Փարիզի ոստիկանությունը բացահայտել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նկատմամբ շուրջ երեք ամիս առաջ իրականացված կողոպուտի հեղինակներին: Հիշեցնենք, որ ոստիկանի համազգեստով եւ դիմակներով անձինք ներխուժել էին Քարդաշյանի հյուրանոցային համար եւ 9 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդեր գողացել: France Info-ն հայտնում է, որ կողոպուտը ծրագրել եւ իրականացրել են հայտնի կրկնահանցագործ թոշակառուներ: Կողոպուտի կազմակերպիչը 60-ամյա Օմար Աիտ Հեդաշն է եղել (մականունը` Ծեր Օմար): Նրան օգնել են 72-ամյա Պիեռ Բուիաները, 63-ամյա Յունիս Աբբասը, 61-ամյա Դիդյե Դյուբրեկը եւ 54-ամյա Ֆրանսուա Դելապորտը: Խմբավորման վարորդը դարձել է առաջնորդի որդին: Օմարի փաստաբան Ժան-Իվ Լյենարը հայտարարել է, որ կողոպուտը «մաքուր դիլետանտություն» է եղել: Հեդաշը հանցագործության վայրում ԴՆԹ է թողել, ինչի միջոցով էլ ոստիկանները մի քանի օր անց սկսել են հետեւել խմբի ղեկավարին` բացահայտելով բոլոր անդամներին:

 

 

 

 

ԻՍԼԱՄ Է ԸՆԴՈՒՆԵ՞Լ
Բրիտանական Daily Mail-ը գրում է, որ հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը, շատ հնարավոր է, իսլամ է ընդունել: Նա Instagram-ի իր էջից ջնջել է բոլոր հին լուսանկարներն ու գրել. «Սալամ Ալեյկում»: Դրանից հետո բաժանորդներն ակտիվ կերպով քննարկում են, որ դերասանուհին մահմեդականություն է ընդունել: Ի դեպ, ավելի վաղ նա ակնարկել էր նման մտադրության մասին, պարզապես ոչ ոք նրա խոսքերը լուրջ չէր ընդունել: Պարբերականը գրում է, որ, հավանաբար, դերասանուհին տպավորված է Սիրիայում, Թուրքիայում եւ Լիբանանում իր առաքելությամբ (նա այցելել է փախստականների ճամբարներ), ուստի որոշել է նման քայլի գնալ:

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Դերասան, ռեժիսոր Դիեգո Լունան սիրավեպ ունի մոդել Սյուկի Ուոթերհաուսի հետ: Պապարացիները զույգին նկատել են Դիեգո Լունայի հայրենիքում` Մեքսիկայում: Նրանք այնտեղ են անցկացրել իրենց հանգստյան օրերը: Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ երկուսն էլ երջանիկ են եղել, անընդմեջ գրկախառնվել են եւ համբուրվել:
Նշենք, որ «Վտարյալը-1: Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի հերոս Դիեգո Լունան 12 տարով մեծ է Սյուկի Ուոթերհաուսից, սակայն, ինչպես երեւում է, դա մոդելին չի հետաքրքրում: Նրան կարծես թե դուր են գալիս իրենից տարիքով մեծ տղամարդիկ: Ուոթերհաուսի նախկին սիրեցյալն էլ Բրեդլի Կուպերն էր, ում հետ ունեցած տարիքային տարբերությունը եւս մեծ էր:




Լրահոս