Այսօր հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի ծննդյան օրն է:

Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ.-ից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։

Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։ Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թ.-ին։

Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։ Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերշաբանը, որը խորհրդանշում է հայություն–հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։

Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական–հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։

Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու․ Ուիտմեն), եվրոպակամ (Պ․ Էլյուար) և ռուսական (Վ․ Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։

Նման համադրություն առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։

«Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական–վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ճատագով։

Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և, թափանցելով Սայաթ–Նովայի տաղերի էության մեջ, վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։

Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Գրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ, Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղինացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրշանառության մեջ։




Լրահոս