Ինչու է խնդիրների մասին հիմա բարձրաձայնում ութ տարի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանություններին սկսել է քննադատել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը դեռ երեք ամիս առաջ նույն այդ իշխանության մաս էր կազմում: Օհանյանը, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գլխավորել «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», «Դեմոկրատական» ԱԻՄ կուսակցություններից կազմավորված ընդդիմադիր դաշինքը, օրերս տարածած հայտարարության մեջ խոսել է թուլացած տնտեսության, ահագնացող արտագաղթի, ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշի հասած աղքատության եւ իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության մասին: Միաժամանակ Օհանյանը նաեւ հայտարարել է, թե պաշտոնավարման ընթացքում ինքը պատասխանատու է եղել բանակի խնդիրների համար եւ ի պաշտոնե իրավասու չի եղել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը:

Օհանյանի այս հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում, քանի որ ինքն ութ տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ այս ամենի մասին նա կարող էր բարձրաձայնել պաշտոնավարման ժամանակ կամ համաձայն չլինելով իշխանությունների գործելաոճին՝ կարող էր աղմուկով հրաժարական ներկայացնել:

Իսկ երբ նա իշխանություններին քննադատում է հիմա, միաժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, ակնհայտ է դառնում, որ նախկին նախարարի մղումներն անկեղծ չեն, եւ այս ամենն անում է ընդամենը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

Էլ չենք ասում այն մասին, որ այդ ընթացքում նրա ղեկավարած ոլորտը եւս չի փայլել: Ու վերջապես, Օհանյանը, ութ տարի շարունակ լինելով իշխանության մաս, ինքն էլ որոշակի պատասխանատվություն ունի այդ ընթացքում Հայաստանում կատարվածի ու այսօր առկա իրավիճակի համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս