
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ հարկային ծառայության Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան: Հ. Կարապետյանի անձնակենտրոն գործունեությանը «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել:
Կարապետյանը տարիներ շարունակ զբաղեցնելով ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության պետի պաշտոնը՝ այնտեղ «Կոոպերատիվ գանձումների բաժին» անվանումով ապօրինի կառույց է պահել, որը զբաղված է եղել ընկերություններից լուրջ գումարներ հավաքագրելով: Չնայած նախորդ տարի բացահայտվեց նրա ապօրինությունը, սակայն Շահգալդյանի փեսան մինչեւ հիմա մնացել է անպատիժ. բացահայտումից հետո տեղափոխեցին այլ աշխատանքի, հիմա էլ, փաստորեն, այդտեղից «լուռ ազատել են»:
Մինչդեռ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր, թե ինքը երկրի ղեկավարության կողմից ունի համակարգը անառողջ էլեմենտներից մաքրելու խիստ հանձնարարական եւ թելադրելու է խաղի նոր կանոններ: Բայց փաստորեն այդ հանձնարարականը գործում է ընտրովի սկզբունքներով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: