ArmLur.am-ը ԱՄՆ դեսպանատնից տեղեկացավ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի պաշտոնավարել:
«Դեսպան Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում:
Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում եւ ծառայում են նախագահին: Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, որոնք «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում:
Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են եւ չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը եւս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել եւ նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշված է պարզաբանման մեջ: