ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հանդիպել են, սակայն նրանց միջև տհաճ խոսակցություն է տեղի ունեցել: ArmLur.am-ի հետ զրույցում Թադևոսյանը չհերքեց, որ երեկ հանդիպել է նախկին վարչապետին և զրուցել նրա հետ, սակայն հերքեց, թե խոսակցությունը տհաճ է եղել:
«Հանդիպում եղել է, երեկ ենք հանդիպել: Խոսակցություն եղել է, սակայն բացարձակ նմանատիպ բան չի եղել», – նշեց նա:
Չնայած Թադևոսյանը հերքում է ոչ այնքան դրական հանդիպումն ու զրույցը, սակայն մեր տեղեկություններով, զրույցն իսկապես տհաճ է եղել, իսկ հանդիպումից հետո, երբ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը ևս մեկ անգամ զանգահարել է Աբրահամյանին, վերջինս կոպիտ կերպով հորդորել է իրեն հանգիստ թողնել և այլևս չզանգահարել:
Հավելենք, որ չնայած ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ՀՀԿ-ից դուրս գալու մասին տեղեկությունները, սակայն կուսակցությունը նման դիմում դեռևս չի ստացել: Թադևոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախկին վարչապետի հետ զրուցել է նաև այսօր, երբ մամուլում տեղեկություններ տարածվեցին Աբրահամյանի հրաժարականի մասին, և Թադևոսյանի խոսքով, վերջինս չի ասել, որ դուրս է գալիս կուսակցությունից:
«Կենտրոնական գրասենյակն իր դիմումը չի ստացել: Այսօր ես իրեն պարզապես շնորհավորել եմ, իր ծննդյան օրն է: Երբ որ կներկայացնի դիմումը, տեսնենք, թե ինչ հիմքով և ինչ շարժառիթներով, այն ժամանակ էլ կմեկնաբանենք», – հավելեց նա: