«Ժողովուրդ» օրաթերթի բարձրաձայնումից հետո առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկն ազատվեց պարտադիր զինծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (յամեր) հետազոտություն անցկացնելու հնարավորություն:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել զորակոչիկ Ռազմիկ Դավթյանը, ով զորակոչից առաջ բախվել է այդ խնդրին:

Դավթյանի ներկայացրածի համաձայն՝ ինքը ողնաշարի հատվածում սուր ցավեր է զգացել, եւ սեփական միջոցներով «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելուց հետո ախտորոշվել է ողնաշարի 3 չողվածք՝ 6 եւ 9 միլիմետրանոց:

Այդ ախտորոշման դեպքում, օրենքի համաձայն, անձն ազատվում է զինվորական պարտադիր ծառայությունից: Ռազմիկ Դավթյանը, սակայն, բացի առողջական խնդիրներից այլ խնդրի առաջ եւս կանգնել է:

Այսպես, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների հարցերով հանձնաժողովում քաղաքացիական հիվանդանոցի տվյալներն ի գիտություն չեն ընդունել՝ հայտնելով, որ նախարարության տրամադրած ռենտգեն բուժման արդյունքներն այլ են, ինչը նշանակում է, որ Ռազմիկ Դավթյանը պետք է զինվորական ծառայություն անցնի:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի շուրջ դիմեց նշված հանձնաժողովի ղեկավար, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանին, ով հայտնեց, որ զորակոչիկը պետք է կրկնակի հետազոտություն անցնի:

Եվ ահա, կրկնակի հետազոտության պատասխանները եւս փաստել են ճողվածքների առկայությունը: Այսօր Ռազմիկ Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ խնդրի մասին բարձրաձայնելուց հետո ինքը ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Մեզ մնում է առողջություն մաղթել Ռազմիկ Դավթյանին եւ հուսալ, որ ՀՀ ՊՆ կզինվի բոլոր անհրաժեշտ բուժսարքավորումներով նմանատիպ խնդիրներից խուսափելու համար:




Լրահոս