Հայկական պատվիրակությունը մի շարք առաջարկներ է բերել Մոսկվա. Կարեն Կարապետյանը՝ Դմիտրի Մեդվեդևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով գտնվում է Մոսկվայում: Այժմ կողմերը բանակցություններ են վարում, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

«Չնայած միջազգային իրադրությանը, էներգակիրների գների փոփոխությանն ու մի շարք տնտեսական պահերի, այնուամենայնիվ, մեր առևտրաշրջանառությունը կայուն է, և եթե խոսենք Հայաստանից ներմուծման մասին, ապա անցյալ տարվա ընթացքում մենք 70% աճ ենք նկատում»,-հանդիպումն այսպես է բացել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Իմ կարծիքով՝ դա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման և մեր կապերի ամրապնդման հետևանքն է: Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 1,033 միլիարդ դոլար: Ռուսական արտահանումը նվազել է 14,6%-ով, իսկ ահա Հայաստանից ներկրումը աճել է 2,1  անգամ՝ մինչև 314 միլիոն»,-հավելել է ՌԴ վարչապետը:

Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ միջկառավարական հանդիպումը լավ հնարավորություն կլինի՝ ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերը քննարկելու համար: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը դրական և գործնական տրամադրվածությամբ է եկել: Ավանդաբար հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է»,-ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ հայկական պատվիրակությունը Մոսկվա է բերել մի շարք առաջարկներ, որոնք կօգնեն ընդլայնել համագործակցությունը:




Լրահոս