
Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման արդյունքներով 4 երկկողմ փաստաթուղթ է ստորագրվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստորագրվել է քաղաքացիների համար երկկողմ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը: Բացի այդ, ստորագրվել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև համագործակցության մասին հուշագիրը, 2016-2021թթ. միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը:
«Ռոսատոմ»-ը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հռչակագիր են ստորագրել պարտավորությունների պրակտիկ միջոցների իրականացման հարցով՝ նախատեսված միջուկային վթարի մասին օպերատիվ ծանուցման և միջուկային և ճառագայթային անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հունվարին Հայաստանի կառավարությունը հավանության էր արժանացրել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի մասին համաձայնագրում կատարված փոփոխություններին, որոնց համաձայն՝ ռուս քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով: