ՄԻ նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով:
Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա:
Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը: