«Մարտիկ» հաղորդաշարն այլեւս եթեր չի հեռարձակվում: Այս մասին հայտարարել է հաղորդման ռեժիսոր Արման Վարդանյանը: Շատերն այն կապում են Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման հետ, սակայն հաղորդման ղեկավար Սեյրան Շասուվարյանը նշել է, որ Նոր տարուց առաջ է եղել այդ խոսակցությունը կապված հաղորդման փակման հետ և, որ ինքը կապ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Ամանորին հանրությանը ներկայացվեց «Մարտիկ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում դերասան Վարդան Պետրոսյանը և էլի մի քանի արվեստագետներ այցելել էին հայկական զորամասերից մեկը: Սոցցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ Վարդան Պետրոսյանի` ադրբեջանական կողմի հետ «սահմանային երկխոսությունը»: Դերասանը հայտնվեց օգտատերերի թիրախում: Քննադատների մի մասը մտահոգություն հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը, հայտնվելով «դիրքերում», պարզապես վտանգել է իր և իրեն ուղեկցողների կյանքը. «Վարդանը պետք է հիշի, որ բեմում չէ, այլ դիրքերում: Ադրբեջանցիներին հայհոյելն էլ կարող է հետագայում դառը հետևանքներ ունենալ սահմանին կանգնած հայ զինվորների համար»,-մեկնաբանել էին օգտատերերը` փորձելով հասկանալ, թե որն էր դերասանի` տվյալ տարածք ներկայանալու և նման քայլի դիմելու իմաստը:
ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել էր «Մարտիկ»-ի հեղինակ և ծրագրի ղեկավար Սեյրան Շահսուվարյանի հետ, ով և հայտնել էր, որ հաղորդումն ամբոջովին բեմադրված էր եղել: