ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին. «Այո՛, որոշում եմ կայացրել, ՀՀԿ-ից դուրս եմ գալիս, վաղը կլինի իմ հայտարարությունը», – ասել է Աբրահամյանը:
Ինչպես հայտնի է՝ Հովիկ Աբրահամյանը, ով, ի դեպ, երեկ նշում էր իր ծննդյան 59-ամյակը, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ոչ միայն Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները, այլեւ 2008, 2012 եւ 2013թթ․ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբները: Ու հիմա նման բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած եւ երկար տարիներ ՀՀԿ-ի համար կարեւոր դեր ունեցող անձնավորությունը որոշում է կայացրել հեռանալ ՀՀԿ-ից: Ընդ որում, այդ որոշումը կարծես թե բավականին անսպասելի է եղել իր կուսակից ընկերների համար: Նկատենք, որ երեկ բոլոր ՀՀԿ-ականներն ընդհատակ էին անցել, եւ ժամեր շարունակ չէր հաջողվում գտնել իշխող ուժի որեւէ ներկայացուցչի, ով կպատասխաներ հեռախոսազանգերին եւ կմեկնաբաներ Հովիկ Աբրահամյանի այդ որոշումը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ եւ պարզել, թե ինչպե՞ս են հանրապետականները մեկնաբանում նախկին վարչապետի այդ որոշումը եւ արդյո՞ք կուսակցությունում մտահոգված չեն նման զարգացումից:
-Պարո՛ն Բաղդասարյան, նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեղեկացրել է, որ որոշում է կայացրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: «Վաղը կլինի իմ հայտարարությունը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը: Հայաստանի Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ գործիչներից մեկը հեռանում է կուսակցությունից, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
-Հովիկ Աբրահամյանն ինքն է որոշում այդ խնդիրները: Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր անձ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումների մեջ: Եվ ինքն է կայացնում իր որոշումը, ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիրը:
-Երբ անցած տարվա սեպտեմբերի 8-ին Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, շատ էր նշվում, որ դա տեղի է ունեցել ոչ իր կամքով: Հետեւաբար նշվում էր նաեւ նրա՝ կուսակցությունից նեղանալու մասին: Կարելի՞ է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել լքել ՀՀԿ-ն նեղացվածության պատճառով:
-Մենք ունենք ջերմ ու ընկերական հարաբերություններ, եւ մեր շփումների ժամանակ նեղացվածություն չեմ զգացել, իսկ մնացած հարցերին կպատասխանի ինքը:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել միանալ Գագիկ Ծառուկյանին…
-Դա պետք է Գագիկ Ծառուկյանին եւ Հովիկ Աբրահամյանին հարցնեք:
-Հնարավո՞ր է՝ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու որոշումից հետո շատերը հետեւեն նրա օրինակին եւ հեռանան Հանրապետականից, այն էլ՝ այսքան վճռորոշ ժամանակահատվածում:
-Այ, դա չեմ կարծում, չի կարող նման բան լինել: Ընթացքը ցույց կտա, համբերեք, պետք չէ շտապել:
-Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության համար մտահոգիչ չէ՞, որ Հովիկ Աբրահամյանի նման առանցքային դեմքը, ով տիրապետում է հսկայական ռեսուրսների եւ ով վերջին համապետական երեք ընտրություններում կարողացել է ՀՀԿ-ի համար մեծ թվով ձայներ ապահովել, այս կարեւոր փուլում լքում է Հանրապետական կուսակցությունը:
-Բնականաբար, ցանկալի չէ:
-Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ներքին քննարկումներ չի՞ անցկացրել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը, որ կուսակցության շարքերը սկսել են նոսրանալ:
-Նման քննարկումներ տեղի չեն ունեցել: Երբ որ դիմումը կներկայացվի պարոն Աբրահամյանի կողմից, նոր կանդրադառնանք այդ հարցին:
Վահագն Հակոբյան