Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:
Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար:
Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հ. Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաեւ, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ