
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտարարել էր, որ Մամեդյարովը Մոսկվա է մեկնել ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել է, որ Մամեդյարովի այցը կապված է Մոսկվայում Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած դեպքի հետ:
«Կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպան ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք բարձրացվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով գագաթաժողովների շրջանակներում: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: