Ուղերձ հղենք Ալիևին, որ նա պետք է գտնի նոր շուկաներ առևտրի համար՝ Ստրասբուրգի փոխարեն. Սամվել Ֆարմանյանը` ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է։ Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է և շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»,-այսօր ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Ս․Ֆարմանյանը նշեց, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա և Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի։

«Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին։ Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ։ Պարող Արիևը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։Սա իսկապես ծիծաղելի է։
Եվս մեկ հարց է առաջանում․ ինչու է պարող Ալիևը գրել այս ձևակերպումն այստեղ։ Դժբախտաբար, ոչ այն պատճառով, որ պարոն Արիևն այցելել է Ղարաբաղ կամ կատարել փաստահավաք այց, նա անգամ չի օգտագործել «Freedom House»-ի զեկույցը, որտեղ Ղարաբաղն ավելի լավ ցուցիչ ունի, քան Ադրբեջանը, այլ քանի որ, ինչպես մենք տեսնում ենք նրա՝ ադրբեջանական մամուլին տրված հարցազրույցից, որտեղ նա ներողություն է խնդրում Իլհամ Ալիևից՝ ասելով, որ իր տատիկն ադրբեջանցի է։ Սա նրա խոսքերն են։ Վերջապես, մենք պետք է հիշենք, որ մենք մարտադաշտում չենք, մենք պատանդներ չենք ու ես գիտեմ, թե Դուք որքան եք հոգնել հայ-ադրբեջանական կռիվներից»,-ասաց Սամվել Ֆարմանյանը՝ կոչ անելով աջակցել ներկայացված փոփոխություններին։

«Եկեք հստակ ուղերձ հղենք նախագահ Ալիևին, որ նա պետք է գտնի շուկաներ առևտրի համար, Ստրասբուրգի փոխարեն»,-խոսքը եզրափակեց Սամվել Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ Արիևն անդրադառնում է մամուլի ազատության հարցերին հակամարտության գոտիներում ու նշում․««ԵԽԽՎ-ն խոր մտահոգությամբ նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված լրատվամիջոցների ազատությունը բացակայում է նաև անդամ երկրների այն տարածքներում, որոնք դե-ֆակտո վերահսկվում են անջատողական ռեժիմների կողմից՝ մասնավորապես Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, ու Մոլդովայում՝ Մերձդնեստրում»։
Այս դրույթի հետ կապված ներկայացվել է 3 փոփոխություն, որոնցով առաջարկվում է վերոնշյալ անունները փոխարինել «հակամարտության գոտիներով»։




Լրահոս