ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ մնում է օդից կախված: Նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին նշանակված էր նախարարության շենքի առաջին աճուրդը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարության շենքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: Այժմ հայտնի չէ, թե կառավարությունն ինչ է պատրաստվում ձեռնարկել նախարարության շենքի հետ: Մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ առաջիկայում ՀՀ կառավարությունը տվյալ շենքի հետ կապված նոր որոշում պետք է ընդունի:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այդ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի Հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը գտնվում է հենց նույն նախարարության հարեւանությամբ` նույն շենքում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ բանակցություններ են գնում շենքի հնարավոր գնորդներ ձեռք բերելու ուղղությամբ: Ի դեպ, տեղեկացնենք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի գնահատված արժեքը կազմում է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում որոշել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Եւ նախարարության շենքի հաջորդ աճուրդին գույքի գնահատված արժեքը 10 տոկոսով չի նվազելու, ինչպես մյուս՝ ավտոմեքենաների, հողատարածքների դեպքում է լինում: Տեղեկացնենք, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար դրամը: Գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում:
Իսկ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը անցած տարեվերջին որոշում էր կայացրել, որ նախարարությունն առաջիկայում կտեղափոխվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ-ի, սփյուռքի նախարարության եւ գիտության պետական կոմիտեի հարեւանությամբ:
Հավելենք, որ շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որն էլ պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին: Ի դեպ, վերջինիս պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Տանգո»-ն, կառուցել էր արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունների շենքերը: Նշենք, որ վերոնշյալ ընկերությունը գնեց արտաքին գործերի նախարարության շենքը, որը ըստ շրջանառվող լուրերի՝ հնարավոր է՝ վերածվի հյուրանոցի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ