Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների Գավառի տարածքային բաժնի հարկայինի տեսչության՝ արդեն նախկին պետ Կարապետյանը իր գործած հանցանքները քողարկելու համար ստիպված եղավ աշխատանքից ազատման դիմում գրել:
Հարկահավաք պաշտոնյան ու բիզնեսները
Դեռեւս 2016թ. մարտին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Մաշտոցի հարկային ծառայության նախկին ղեկավար Հրանտ Կարապետյանին, որը 10 տարի աշխատելով համակարգում, բացի հարկահավաք լինելուց՝ հընթացս միլիարդատեր է դարձել: Գրել էինք, որ Հ. Կարապետյանին են պատկանում մի շարք բիզնեսներ, «Վալան պրոֆ» ընկերությունը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունն էլ, ըստ էության, Կարապետյանինն է: «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում են Հ. Կարապետյանին:
Նոր Գեղի համայնքում հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են: Համակարգում խոսակցություններ են պտտվում, որ չի բացառվում՝ նա «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ: Սխեման հայտնի է պետեկամուտների կոմիտեում յուրաքանչյուր աշխատակցի. որեւէ գործարար արհեստական ստեղծած խնդիր է ունենում հարկային ծառայության հետ, մի բարի «պետ» օգնում է, հարթում խնդիրները եւ դառնում բաժնետեր: Ըստ էության մեր այս հրապարակումը պետք է հիմք դառնար ՀՀ իրավապահների համար` գործընթաց սկսելու, բայց ոչ: Քանի որ ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, իսկ Հ. Կարապետյանի աներն էլ` Կովալենկո Շահգալդյանը` վարչապետի խորհրդականը, այս աղաղակող փաստերը մոռացության մատնվեցին:
ԱԱԾ-ի բացահայտումն ու
պետի տեղափոխումը
Բայց շատ չանցած ազգային անվտանգության ծառայությունը 2016 թվականի հոկտեմբերի 15-ին աղմկահարույց բացահատում արեց: Կաշառք ստանալու պահին ձերբակալվեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչը: «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ավագ տեսուչը իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվերային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու եւ հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ»:
Դեպքի առիթով հարուցվեց քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով, քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայտնաբերված չարաշահումներից հետո նշված բաժնում խստացված հսկողություն էր սահմանվել, ինչի արդյունքում նոր բացահայտումներ եղան: Մամուլում հրապարակվեց, որ Հրանտ Կարապետյանը, տարիներ ի վեր լինելով Մաշտոցի հարկայինի պետ, այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով:
Այն անվանել են կոոպերատիվ գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել նման բաժին, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Թե որտեղ են գնացել հավաքված գումարները, թերեւս կարելի է ենթադրել:
Ու թեեւ հրապարակումները իրավապահների համար հիմք պետք է լինեին առնվազն ողջամիտ կասկածներ ունենալու համար, որ ավագ տեսուչը չէր կարող միայնակ նման քայլի գնալ, սակայն իրավապահները բավարարվեցին միայն «մանր ձկներին» ձերբակալելով, իսկ ահա «խոշոր ձկներին», ի դեմս ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի փեսայի, տեղափոխեցին Գավառի հարկային տեսչություն: Այսինքն` մայրաքաղաքից հեռացնելով՝ փորձեցին պատժել նրան:
Հարկայինում կրքերը չեն հանդարտվում
«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին Մաշտոցի հարկայինում Կարապետյանի կողմից «շահագործվող» ապօրինի բաժնի աշխատակիցներից 7 հոգու ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել: Ու թեեւ դժկամորեն, բայց դիմումները գրվել են: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Հ. Կարապետյանին են նույն կերպ «վերեւներից» հասկացրել աշխատանքից ազատման դիմում գրել ու հեռանալ Գավառի հարկային տեսչության պետի պաշտոնից:
Չի բացառվում, որ դժգոհող աշխատակիցները կամ կալանավորված տեսուչը իրավապահներին այնպիսի տեղեկություններ են տրամադրել նախկին պետի` Հրանտ Կարապետյանի գործունեության վերաբերյալ, որ ՊԵԿ-ում որոշել են խնդիրը լուծել՝ բավարարվելով միայն նրան հեռացնելով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնապես ՀՀ ՊԵԿ-ից պարզել, թե ինչն է եղել Հրանտ Կարապետյանի աշխատանքից հեռացման պատճառը: Մեզ ՊԵԿ լրատվական բաժնից պատասխանեցին, որ հունվարի 12-ին Հրանտ Կարապետյանը սեփական դիմումի համաձայն՝ հարկային ծառայությունից ազատվել է: Այսպիսով՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը իր կողմից ղեկավարվող համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարում է դիմում գրելու պարտադրանքով: Իսկ թե ով պետք է պատասխան տա այդ խայտառակության համար, այդպես էլ մնում է անհասկանալի: Ու պետք է արձանագրել, որ Վարդան Հարությունյանի կողմից «թելադրված նոր խաղի կանոնները» ամենեւին էլ տրամաբանական ու ազնիվ չեն: Արդյո՞ք կոռուպցիան ու հովանավորչությունը այսպես են արմատախիլ անում համակարգից:
Քնար Մանուկյան