Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական կուսակցությունները փորձում են իրենց շուրջը համախմբել անգամ նրանց, ովքեր այս տարիների ընթացքում նեղացել են իրենցից, բայց կարող են ընտրություններին ձայներ բերել: «Ժողովուրդ» օրաթերթը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք նա մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցել եւ ընդհանրապես որեւէ կուսակցության պատրաստվո՞ւմ է սատարել:
-Պարո՛ն Ղուկասյան, քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են ընթանում, նոր դաշինքներ են ձեւավորվում: Դուք, որպես լայն հնարավորություններ ունեցող անձնավորություն, ո՞ւմ եք սատարելու այս ընտրություններին:
-Չգիտեմ դեռ:
-Բայց գրեթե երկու ամիս է մնացել ընտրություններին, մի՞թե դեռ չեք կողմնորոշվել:
-Ո՛չ, չեմ կողմնորոշվել:
-Չնայած բազմիցս բարձրաձայնվել է, որ այլեւս ՀՀԿ-ին չեք սատարում, քանի որ դեռեւս 2012 թվականին՝ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, կուսակցությունը սատարեց այլ թեկնածուի, այնուամենայնիվ, հնարավո՞ր է՝ այս ընտրություններին միանաք ՀՀԿ-ին:
-Չեմ կարող պատասխանել այդ հարցին:
-Շուրջ չորս տարի առաջ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել եք, որ Ձեր բնավորությամբ կուսակցական չեք, այլ հոգեւոր եք եւ մի քիչ հոգնել եք, ուզում եք քաղաքականությունից հանգստանալ: «Հետագան նաեւ ցույց կտա՝ արդյո՞ք կմնամ որպես շարքային կուսակցական, թե՞ ոչ»: Արդյո՞ք այժմ բավականաչափ չեք հանգստացել եւ մտադիր չեք ակտիվ քաղաքականություն վերադառնալ:
-Չեմ կարող ասել:
-Մեծ շրջապատ ունեք, մեծ է նաեւ Ձեր գերդաստանը: Հնարավո՞ր է՝ Ձեր ազգականներից որեւէ մեկը առաջադրվի:
-Չեմ կարող ասել:
-Բոլոր հարցերին նույն պատասխանն եք տալիս` «չեմ կարող ասել», «չեմ կողմնորոշվել»: Հիմա Ձեզ համար որեւէ բան հստակեցվա՞ծ չէ, չե՞ք մտածել որեւէ կոնկրետ հարցի ուղղությամբ:
-Այո՛, որովհետեւ քաղաքական դաշտն այնքան է պոռնիկացել, որ միայն մի բան պիտի ասես՝ չգիտեմ, չեմ լսել, տեղյակ չեմ:
-Լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին եւս առաջադրվելու է:
-Ո՞վ է դա, չեմ ճանաչում:
-Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին Խաչատուր Բալասանյանն է: ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող քաղաքապետի որդին, ով Գյումրիում ղեկավարում է «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը, մեզ հասած տեղեկություններով՝ սկսել է քաղաքացիների անձնագրային տվյալները հավաքագրել: Ի դեպ, մասնագիտությամբ էլ դիվանագետ է, կրթվել է Չինաստանում:
-Ո՞վ է ճանաչում, ո՞վ է ճանաչում, ո՞ւմ գիտեն: Էդ ազգանունն էլ մենք չգիտենք, Գյումրիից չեն դրանք: Ո՞վ է ճանաչում: Մարդ կա, որ ճանաչում է: Եթե պիտի գրեն, պեչատեն, ուրիշ բան, ընտրությունից շատ հեռու է էդ ազգանունը: Եթե պեչատելով է, Թալեաթին էլ բերենք, անցկացնենք, իսկ եթե ընտրություններով է, դրանց էստեղ չեն ճանաչում:
-Իսկ ո՞ւմ են Գյումրիում ճանաչում, ըստ Ձեզ՝ գյումրեցին ո՞ւմ է նախընտրում, ո՞ւմ շատ ձայն կտա:
-Էդ պիտի ժողովրդին հարցնես:
-Մարտուն Գրիգորյան, Ֆելիքս Ցոլակյան. նաեւ նրանց անուններն են շրջանառվում որպես ՀՀԿ-ի կողմից ռեյտինագյին ցուցակով առաջադրվողների…
-Դու պետք է ժողովրդին հարցնես, ժողովուրդը կասի: Ես հըլը տեղյակ չեմ: Ես հըլը չեմ հետաքրքրվել, չգիտեմ:
-Իսկ երբ, ի վերջո, կկարողանաք հստակեցումներ անել:
-Երբ տեղյակ եղա, հարցրիր՝ կպատասխանեմ: Հիմա տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվում, ինձ հետաքրքիր չէ:
Վահագն Հակոբյան