Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի 39 շենքի 2-րդ բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի, իսկ տան մեջ՝ պայթյունի հետքեր: Պայթյունի հետեւանքով ապակիները կոտրվել են, իսկ որոշ գույք վնասվել է։
Պարզվել է, որ մահացածը 62-ամյա ազատամարտիկ Ռազմիկ Ֆառաշյանն էր։
Ով է Ռազմիկ Ֆառաշյանը
Ռազմիկ Ֆառաշյանը ծնվել է 1955 թվականին՝ Հյուսիսային Օսիայում (Օրջոնիկիձեին մերձակա Սունջա բնակավայր)։ Արմատներով Մուշից է։
Կրթությունը միջնակարգ է։ Տիրապետում է արհեստագործական մասնագիտությունների, եղել է խառատ, ապա զբաղվել դերձակությամբ։
Տեւական ժամանակ աշխատանք չի ունեցել։ ՀՀԿ անդամ է եղել, կարելի է ասել՝ ամենասկզբից։
Մասնակցել է Հայրենիքի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման մարտերին՝ 1990 թվականի Երասխավանի մարտից մինչեւ 1992 թվականի ամառ, երբ վիրավորվել է Արցախի Մարտունու շրջանում։ Պատերազմի վետերան է, համարվում է պատերազմի հաշմանդամ։
«Ես այսպես եմ պատկերացնում. եթե մարդ իր հող ու ջուրն է սիրում, այդ սերը պետք է դրսից սկսվի, որովհետեւ եւ՛ դուրսը եւ՛ ներսը, այսինքն՝ տունը, քոնն է, քո Հայրենիքն է։ Այդ տեսանկյունից ինձ համար տարբերություն չկա. եթե դուրսը կեղտոտ է, ուրեմն՝ տունն էլ է կեղտոտ։ Տունը քո օջախն է, դուրսը՝ քո հայրենիքը, այսինքն՝ մեծ օջախը։ Ու այդ մեծ օջախից է սկսվում ամեն ինչ, քանի որ այդ օջախի վրա է տունը կառուցվում։ Այդ մեծ օջախի համար են արյուն թափում, պատերազմներ անում։
Մեկը կար, ժամանակին ուզում էր գար՝ Սեւանի ափին չայ խմի, դե մենք էլ գնացել էինք, որ չթողնենք գա ու Սեւանը պղծի»,- մի առիթով հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է ազատամարտիկը, ապա մի բուռ հող է վերցրել. «Աշխարհում գրեթե բոլոր պատերազմները սրա՛ համար են։ Հա′, այս մի բուռ հողի։ Այդ հողի համար են արյուն թափում։ Ու դրանով հողը սրբանում է։
Հիմա շատ են հողի ու զինվորի անուն տալիս։ Բայց շատ մարդիկ հողի ու զինվորի անուն տալիս են առանց հասկանալու, թե ինչի՛ մասին են խոսում։ Որովհետեւ տեսնում ես, որ այդ նույն մարդը անտարբեր անցնում է ու կարող է իր չրթած արեւածաղիկի կճեպը, իր սիգարետի ծխուկն ու տուփը գցել գետնին։
Դա ո՞նց կարելի է հասկանալ։ Այսինքն՝ նա ապականում է այն հողը, որը սրբացել է զոհված զինվորների արյունով։ Պղծում է հող-սրբությունը։ Էլ ի՞նչ իրավունքով է խոսում հողից ու զինվորից։ Թե՞ մենակ սեղանների մոտ կենաց ասելով են հասկանում հողն ու զինվորը։ Զինվորն ու հողը «կենացային» արժեքներ չեն։ Զինվորն ու հողը իրական արժեք են։ Ու հողը սուրբ է»։
Ի՞նչն է մարդու կյանքում ամենակարեւորը։ Եւ ի՞նչն է հային հայ պահում։
-Մարդու կյանքում ամենակարեւորը մարդ մնալն է։ Իսկ հային լեզուն է հայ պահում, հայո՛ց լեզուն, եւ մեկ էլ գործը, ձեռքը, միտքը: Իսկ էսօր բթացման պրոցես է Հայաստանում։ Ո՞նց՝ խի։ Դու չգիտե՞ս, թե՝ խի։ Հեռուստատեսությունը երբ միացնում ես, լրիվ բթացման պրոցես է։ Լավ, ցույց տվեցիք այդ այսպես կոչված սերիալները, ով ուզում էր՝ նայեց։ Ի՞նչ իմաստ կա հաջորդ օրը կրկնել նույնը։ Ի՞նչ իմաստ կա կիրակի օրը բոլորը միասին կրկնել։ Դա ի՞նչ է նշանակում։ Ախր մեջը ոչ լեզու կա, ոչ միտք։ Երեխեքին ստիպում են հայհոյել։ Երկու մատ էրեխուն հարցնում ես, ասում է՝ ես ուզում եմ Հովո դառնալ, ես ուզում եմ Գոքոր դառնալ, «Ցոկոլ» ու ֆլան-բեֆան, չգիտեմ էլ ի՞նչ զիբիլ։
Լավ, մի՞թե մենք Նժդեհ, Անդրանիկ, Դրո չունենք, Արամ չունենք, Մովսես Գորգիսյան ու Աշոտ Նավասարդյան չունենք, Մոնթե չունենք, որ այդ էրեխուն կարողանանք զարգացնենք, դաստիարակենք այնպես, որ այս հողն իրեն համար թանկ լինի, որ ինքը հասկանա, թե ի՛նչ է հողը, որ էդ հողի վրա չթքի։
…Երկրի լավ լինելը Պողոսին Պետրոսով փոխելով չի լինում։ Երկրի լավ լինելը նախ ամեն մեկի գիտակցությունից պիտի սկսվի։ Իսկ մերոնց մտածողությունը երկու թզի վրա է. ճակատից՝ ստամոքս։ Դրանից այն կողմ շատերի մտահորիզոնը չի անցնում։ Եւ այդ վայ-մտածողությամբ ուզում ենք, որ երկիրը լավ լինի, մեկին բերենք, որ մեզ համար իբր թե բան անի…»։
Լուսանկարը` shamshyan.com-ի: