ՀՀԿ-Ի ՍՏԱՐՏԱՅԻՆ 20 ՏՈԿՈՍՆ ՈՒ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե կուսակցությունը դեռ չի որոշել` ով է լինելու համամասնական ցուցակի առաջին համարը: «Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը, կքննարկենք խորհրդի նիստից հետո»,- ասել է նա: Ուշագրավն այն է, որ ՀՀԿ համագումարից հետո՝ դեկտեմբերին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, թե ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Այնինչ հիմա՝ մեկ ամիս անց, կուսակցության ներսում իրավիճակ է փոխվել: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ խիստ նախնական տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ ցուցակի` Սերժ Սարգսյանից հետո առաջին ցանկալի եռյակը կլինի այսպիսի դասավորվածությամբ՝ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ ՀՀ ԱՆ Արփինե Հովհաննիսյան: ՀՀԿ-ում այս որոշման են հանգել այն պատճառով, որ ներքին օգտագործման համար անցկացված սոցհարցումներից պարզ է դարձել՝ այսօր Հայաստանում Հանրապետականը հազիվ 20 տոկոս ձայն ունի, ու հիմա փորձում են այսպես իրենց դեմքը փրկել: Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա թեեւ նրան կառավարության ղեկավար նշանակեցին իշխանությունների հանդեպ հասարակության վերաբերմունքը փոխելու եւ փոփոխությունների տպավորություն ստեղծելու նպատակով, սակայն նույն ՀՀԿ-ում նրա դեմ ակնհայտ արշավ է սկսվել. վարչապետի դեմ աշխատում են մի կողմից ՀՀԿ հնաբնակները, մյուս կողմից` Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի թիմը, որն իր լրատվամիջոցներում բացահայտ ծաղրում է, անթաքույց քննադատում է նրան: Իսկ այս ամենն արվում է իր վարկանիշով խիստ ոգեւորված վարչապետին «օդերից իջեցնելու» համար, որպեսզի Կարապետյանը դառնա խոցելի եւ ներիշխանական պայմանավորվածությունների ու «ռազբորկաների» ժամանակ չունենա նոր պահանջներ ներկայացնելու «բարոյական իրավունք»:

 

 
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Ուշագրավ է այն փաստը, որ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը ՀՀ ԱԳՆ-ն տարածեց ուշ երեկոյան: Ու պարզվեց, որ պաշտոնյաները կրկին խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին: Մասնավորապես հանդիպման ընթացքում անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ: Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ուշագրավ մեկ այլ փաստ եւս. ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում երեկ որեւէ խոսք չկար Նալբանդյան-Լավրով հանդիպման մասին:

 

 
Նախորդ տարվա հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած բռնության դեպքերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործերի նախաքննությունը ժամանակավորապես դադարեցվել է. խոսքը քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է` ՀՔԾ քննիչներն այս գործերով տուժողներին ասում են, թե այլ կարեւոր քրեական գործեր են առաջ եկել, եւ վերջիններս պետք է մի քիչ սպասեն: Ամենայն հավանականությամբ, ՀՔԾ-ում բառացի են ընդունել հուլիսյան աղմկահարույց դեպքերից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունները, երբ ոստիկանության վայրագություններից տուժած լրագրողներին խնդրել էր մոռանալ կատարվածը: Թեեւ մոռանալու հորդորը Ս. Սարգսյանը հատուկ ընդգծմամբ ուղղել էր լրագրողներին, բայց իրավապահները, կարծես թե, այլ կերպ են ընկալել:

 

 
Այս օրերին վարորդները հայտնվել են աննախանձելի վիճակում: Տեղացած ձյան ու ճանապարհների սառցակալության պատճառով ստեղծված անհարմարություններին հիմա ավելացել է մեկ այլ խնդիր. դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերից վարորդները չեն կարողանում ձեռք բերել տեխզննման կտրոններ. պատճառը բանկերում այդ կտրոնների բացակայությունն է: Այս իրավիճակի համար պատասխանատու է պետական 2 գերատեսչություն՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, որը տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ տվյալներ է տրամադրում ֆինանսների նախարարությանը, եւ ֆինանսների նախարարությունը, որը ըստ այդ տվյալների՝ տեխզննման կտրոններ է տպագրում: Այս երկու գերատեսչությունների գործունեության կամ անգործության արդյունքում կտրոնների խմբաքանակն ամբողջովին սպառվել է բանկերում: Եւ եղել են դեպքեր, երբ տեխզննման կտրոնի բացակայության պատճառով ճանապարհային ոստիկանությունը տուգանել է վարորդներին: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանի հետ, ով հայտարարեց, թե կատարվածի մեջ իրենք մեղավոր չեն: «Մենք նման դեպքերում վարչարարություն ենք կիրառում, բայց քաղաքացին մեզ կարող է դիմել նմանատիպ գանգատով: …Եթե քաղաքացին դիմած լինի բանկ, եւ նրան տրամադրած չլինեն, ապա բնական է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը բեկանվելու է»,- ասել է նա:

 

 

 
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, որ Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցումից հետո Երեւանը բանակցություններ է սկսելու՝ նպատակ ունենալով հասնել ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային փոխադրումների իրականացմանը: «Այդ ուղղությամբ քննարկումներ կլինեն: Թե ինչ արդյունքներ կունենանք, ձեզ տեղյակ կպահենք: Ցանկացած գործարք, որը կնպաստի այլ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության մեծացմանը, քննարկվում է»,- վստահեցրել է նախարարը՝ նշելով, որ փոխադրումներով կարող է զբաղվել վրացական երկաթուղային ընկերությունը:
Անշուշտ, լավ է, որ Հայաստանի պաշտոնյաները դիտարկում են հարեւան երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման բոլոր հնարավորությունները, այդ թվում եւ Կարս-Ախալքալակ երկաթուղով, որի կառուցումը տարիներ առաջ համառորեն բացառում էին: Մասնավորապես, երբ 2005 թ.-ից սկսած՝ Հայաստանը շրջանցող եւ Կարս-Գյումրի երկաթուղու գոյությունն անիմաստ դարձնող այս ծրագրի շուրջ ակտիվ բանակցություններ էին ընթանում Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ, ՀՀ-ի իշխանությունները ոչ միայն իրենց հատուկ ջայլամային քաղաքականությամբ մատը մատին չէին տալիս Հայաստանի տնտեսական շահերին դեմ այս նախագծի կասեցման ուղղությամբ, այլեւ վստահորեն հայտարարում էին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին /որի մասն է հանդիսանում Կարս-Ախալքալակ երկաթգիծը/ չի կառուցվելու եւ վերջ: Որպես հիմնավորում նշվում էր, թե այն պարզապես տնտեսապես ձեռնտու չի լինի, թե այդքան գումար մասնավորապես Վրաստանը չի կարողանա հայթայթել բարդ ռելիեֆ ունեցող այդ տեղանքով երկաթուղու կառուցման համար, եւ վաղ թե ուշ նաեւ թուրքական կողմը կհանգի Կարս-Գյումրի գրեթե պատրաստ երկաթգծի գործարկման մտքին: Առավել եւս, որ հայ-թուրքական հաշտեցման շուրջ գործընթացները, ինչպես պարզվեց հետագայում, արդեն Ռ. Քոչարյանի օրոք ընթանում էին:
Այսօր, սակայն, Հայաստանը ստիպված է մտածել արդեն իսկ իրականություն դարձող Կարս-Ախալքալակ երկաթուղուց օգտվելու հնարավորության մասին: Իսկ Կարս-Գյումրի երկաթգծի մասին վաղուց արդեն բոլորը մոռացել են: Ինչն է այս իրավիճակում ամենակարեւորը. այն, որ 17 տարի իշխող Հանրապետական կուսակցությունը պատասխանատու է նաեւ այս կարեւոր հարցում ձախողման համար: Մինչդեռ ժամանակի պատասխանատուները այսօր էլ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել, եւ նրանցից որեւէ մեկից պատասխան չի պահանջվում, թե ինչպես եղավ, որ նրանց պնդումները սխալ դուրս եկան, իսկ ներկայացվող հաշվարկներն էլ՝ սնանկ: Օրինակ՝ 2001-2008թթ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, ով մամուլով հայտարարում էր, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը բացառվում է, այսօր զբաղեցնում է կարեւոր պաշտոն: Նա Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է:




Լրահոս