ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանում
Ավտովթարի հետեւանքով մեքենայի դուռը հավանաբար վնասվել է: Իսկ վարորդն էլ ստիպված է եղել ճանապարհային ոստիկանի հարցերին պատասխանել նման դիրքով:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՀԱՐՑ. Ես պետությանը ունեմ պարտք (վարկ), եւ ԴԱՀԿ-ն կալանքի տակ է դրել իմ սեփական գույքը (մեքենան): Խնդրում եմ ասեք՝ նման դեպքում ճանապարհային ոստիկանությունը կարո՞ղ է իմ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ: Սահմանադրության ո՞ր կետի համաձայն է նման գործունեություն ծավալվում: Ի՞նչ հիմքով է ՃՈ-ն իմ մեքենան արգելանքի տակ գտնվելու ժամանակ տեղափոխում տուգանային հրապարակ: Ուզում եմ իմանալ՝ կա՞ նման օրենք:
Հակոբ Մինասյան (34 տարեկան, առաքիչ)
ԴԱՏԱՍԽԱՆ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝ պարտապանի գույքի հետախուզումն իրականացնում է հարկադիր կատարման ծառայությունը՝ սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով: Արդյունքում պարտապանին պատկանող տրասպորտային միջոցը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից հայտնաբերվելու դեպքում վերջինս իրավունք ունի այդ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկել՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18, 18.1-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բերման ենթարկված տրանսպորտային միջոցի՝ վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցի՝ հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:
ՀԱՐՑ. Ես մանկարվարժ եմ, սակայն հիմա չեմ աշխատում, գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել սոցփաթեթի ծառայություններից: Ներկա պահին արդյո՞ք գումար կա սոցփաթեթի իմ հաշվին:
Լիաննա Պողոսյան (27 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 9-րդ կետի համաձայն՝ Որոշումը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցփաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:
Որոշման հավելված N 1-ի 11-րդ կետի համաձայն՝ աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցփաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Աշխատանքից ազատվելու դեպքում (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման դեպքում) սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը: Տեղեկացնում ենք նաեւ, որ Ձեր սոցիալական փաթեթի հաշվին կուտակված գումարի չափը ճշտելու նպատակով Դուք պետք է դիմեք Ձեր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ (այն բանկ, որտեղ սոցիալական փաթեթից օգտվելու համար բացել եք սոցիալական փաթեթի հաշիվ):
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ սոցիալական փաթեթի գումարը չի հատկացվում առանց աշխատավարձի պահպանման գործուղման մեկնած սոցիալական փաթեթի շահառուներին՝ երեք եւ ավելի ամիս գործուղման մեկնելու դեպքերում այդ ժամանակահատվածի համար: