Եվ այսպես, քաղաքական վերջին բուռն ու անսպասելի իրադարձություններն իր հրաժարականով ստվերում թողնելուց հետո՝ ՀՀ նախկին վարչապետ, այլեւս նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը տարածեց պատմական հայտարարությունը:
«Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ»…
Իհարկե′, Հովիկ Աբրահամայանի համար նման որոշում կայացնելը չէր կարող հեշտ լինել: Ի վերջո, նա «Հայաստանի հանրապետական» կուսակցության միջոցով է հասել այն ամենին, ինչ ունի: Կուսակցությունն էլ իր հերթին է Հովիկ Աբրահամյանի շնորհիվ բազում ձեռքբերումներ ու հաջողություններ գրանցել:
Կարելի է ասել, Հ. Աբրահամյանի որոշումը երկուստեք վնաս հասցրեց:
Ապա նախկին վարչապետը շարունակում է. «Շնորհակալ եմ իմ բոլոր կուսակցական ընկերներին՝ տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀՀ պետական հաստատությունների նախկին ու ներկա պաշտոնյաներին, Հայաստանի մարզերի, քաղաքների ու գյուղերի նախկին ու ներկա պատասխանատուներին, մեր հազարավոր համաքաղաքացիներին բոլոր այն ձեռքբերումների համար, որոնց միասին ենք հասել»:
Միանշանա′կ, Հովիկ Աբրահամյանի շնորհակալական խոսքերն՝ ուղղված կուսակցական ընկերներին, տեղին են եւ իրական: Հիրավի, նա շնորհակալության պատճառ եւ առիթ ունի: Չէ՞ որ տարիներ շարունակ Հովիկ Աբրահամյանը հենց դրա շնորհիվ է հաջողացրել նման հարստություն դիզել, քաղաքական կապիտալի տեր դառնալ, մարդկային ռեսուրս կուտակել իր կողքին:
Այս իմաստով, իհարկե, Հ. Աբրահամյանի խոսքերն ընկալելի են:
«Թիմային աշխատանքը, թիմի յուրաքանչյուր անդամի արժանապատվությունը եղել և մնում են ինձ համար առաջնային: Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»:
Համաձայնե′ք, նախկին վարչապետն այստեղ ավելի քան անկեղծ է: Անհերքելի փաստ է, որ ավելի քան երկու տասնյակ տարի ՀՀԿ-ի «հաջողությունների» համար ջանք ու եռանդ չխնայած Հովիկ Աբրահամյանը թիմի մարդ է եւ իր թիմակիցների, նույնիսկ կարգազանցների համար մինչեւ վերջ գնում էր ցանկացած իրավիճակում:
Հովիկ Աբրահամյանն այս խոսքերն առավել քան անկեղծ էր շարադրել՝ նրա տեղը բաց չի մնա: Նորերն արդեն եկել են, ավելին՝ նորերի ջանքերով է նա լուսանցքում մնացել:
Առնվազն նկատելի է, որ Հովիկ Աբրահամյանը վիրավորված է «անհայրենիք եւ ոչ պետականամետ երիտասարդներից», որոնք նրան վերջնականապես հեռացրին կուսակցությունից:
«Ես հեռանում եմ ՀՀԿ-ից, բայց շարունակելու եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, քանզի համոզված եմ, որ ունեմ բավարար ուժ, գիտելիքներ ու փորձ՝ ծառայելու մեր պետությանն ու ժողովրդին: Շարունակելու եմ ապրել և աշխատել հանուն Հայաստանի: Աստված պահապան մեր երկրին ու հայ ժողովրդին»,- այս խոսքերով Հովիկ Աբրահամյանը եզրափակում է միտքը:
Դե, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հ. Աբրահամյանը պատրաստվում է ընտանյոք հանդերձ հանգրվանել խնամի Գագիկ Ծառուկյանի շուրջ կազմավորվող դաշինքում: Սակայն բավարար գիտելիքներ ունենալու մասին մեջբերումը տարակարծությունների տեղիք է տալիս. թարմացնելով նախկին վարչապետի հիշողությունը՝ հարկ ենք համարում նկատել, որ ինքն այն մարդն է, ով ոչ վաղ անցյալում հայտարարեց՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չի»:
Իսկ եթե սույն անձը ձգտում է ապրել եւ աշխատել հանուն Հայաստանի, լավ կլիներ, որ դրա համար Ռուսաստան չմեկներ, առավել եւս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւից հովանավորություն չհայցեր:
Տաթեւ Հարությունյան