Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Հանդիպումը, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրենը և քարտուղարության գլխավոր պատասխանատուները, նվիրված էր 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին։

Էդվարդ Նալբանդյանը Միկաել Ժանին տեղեկացրեց, որ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հյուրընկալելու հանձնառությանը, և այդ հարցը ներառված էր դեկտեմբերին կայացած ՀՀ Նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում, որի արդյունքներով պետության ղեկավարը հանձնարարեց ստեղծել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։

Զրուցակիցները քննարկեցին գագաթաժողովի անցկացման հնարավոր ժամկետները, հանգամանալից անդրադարձ կատարեցին գագաթաժողովի բովանդակային և կազմակերպչական բազմաթիվ հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միկաել Ժանը պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական խմբի Երևան առաջին առաքելության այցի մասին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց անցյալ նոյեմբերին Անտանանարիվուում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի արդյունքներին, ընդունված որոշումների իրագործման ընթացքին, մտքեր փոխանակվեցին ՖՄԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։




Լրահոս