Դաշինքներն ականապատում են. ինչ է սահմանում ԱԺ նոր կանոնակարգ-օրենքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ այս տարվա ապրիլից ձեւավորվող խորհրդարանում այս կամ այն կուսակցության ընտրացուցակով պատգամավոր դարձած անձինք հնարավորություն կունենան լքել խմբակցությունը ու պահպանել մանդատը` դառնալով անկախ պատգամավոր: Այս դրույթն ուշագրավ է հատկապես վերջին ներքաղաքական իրադարձությունների համատեքստում, երբ «մարդ-կուսակցություններն» իրար հերթ չտալով՝ իրենց ծառայություններն են առաջարկում Գագիկ Ծառուկյանին ու Սեյրան Օհանյանին՝ պատրաստակամություն հայտնելով միանալ նրանց կողմից ղեկավարվելիք, ֆինանսապես ապահովված դաշինքներին: Ակնհայտ է, որ այդ դաշինքներին միանալն օգուտ է լինելու միայն իրենց՝ «քաղաքական լուսանցքում» հայտնված, ընտրությունից ընտրություն քաղաքական առեւտրով զբաղվող միավորներին: Իսկ դաշինքի հիմնական ուժերի համար դա կարող է լուրջ գլխացավանք դառնալ:

Թեկուզ եւ հենց այն պատճառով, որ Ծառուկյանի կամ Օհանյանի հաշվին ԱԺ-ում հայտնվելուց կարճ ժամանակ անց, առաջին իսկ լուրջ քվեարկության դեպքում այդ «մարդ-կուսակցությունները» կարող են պարզապես լքել խմբակցությունը՝ պահպանելով իրենց մանդատները: Ի դեպ, իշխանությունների հաշվարկն էլ հենց դա է, եւ այդ պատճառով են նրանք հանգիստ հետեւում ներքաղաքական դաշտում կատարվող գործողություններին՝ ձեռքի հետ իրենց ականները ներդնելով տարբեր դաշինքներում ու թույլ տալով, որ նրանք դառնան պատգամավոր: Դե, իսկ հարկ եղած պահին այդ ականները պայթեցնելը տեխնիկայի գործ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս