«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունում ԱԺ ընտրությունների նախաշեմին ներկուսակցական լուրջ խմորումներ են սկսվել: «Համախմբման» վարչության անդամներից նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նախօրեին տարածած հայտարարությամբ իր անհամաձայնությունն է հայտնել կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին եւ անընդունելի համարել, որ դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը:
Երեկ նրան պատասխանել է կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը՝ հայտարարելով. «Պարզապես զարմանալին այն է, որ այն հիմնավորումները, որոնք նա բերում է Սեյրան Օհանյանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարի վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կուսակցության ներսում թիմակիցների հետ քննարկման ընթացքում Անդրեասյանի բարձրացրած միակ հարցը կրել է մասնավոր, անձնական բնույթ եւ որեւէ գաղափարական, քաղաքական, աշխարհաքաղաքական հենք չունի»:
Արդյո՞ք այդքանից հետո Անդրեասյանին կհեռացնեն կուսակցությունից. «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ «Համախմբում» կուսակցության խոսնակը նշեց. «Այս պահին այդ հայտարությունն ենք անում, եւ լրացուցիչ ոչ մի բան այդ թեմայով չեմ ուզում ասել, որովհետեւ համարում եմ թեման փակված»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում Անդրեասյանը, այնուամենայնիվ, դուրս գա կուսակցությունից, քանի որ նրա պահանջը` իրեն Օսկանյանից հետո ընտրացուցակում դնելու մասով, չի բավարարվելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: