«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանության վերարտադրությունը, որը 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ու խորհրդարանական կառավարման կարգի ներդրման իրական նպատակն էր, ընտրությունների օրն իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հաղթանակը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից ու ինչպես ներկայացվում է շատերի կողմից։
Իշխանության վերարտադրությունն այն է, ինչ տեղի է ունենում այս օրերին, հենց այս պահին՝ «քաղաքական գործընթաց» հնչեղ անվան տակ։ Այդ գործընթացի հիմնական դերակատարներն իշխանության ներկայացուցիչներն են, որոնք տարբեր պատրվակներով ու պատճառաբանություններով այս պահին դե յուրե իշխանության մաս չեն կազմում, բայց դե ֆակտո այն իշխանության օրգանական մասն են, որը պատրաստվում է վերարտադրվել։
Հայաստանում իշխանությունը ժողովրդի կամարտահայտության արդյունք ու դրսևորում չէ, ինչպես գրված է Սահմանադրության մեջ, այլ քաղաքական ուժերի ու գործիչների անվան տակ հանդես եկող մի քանի տասնյակ անձանց հավաքականություն, որի միակ նպատակն այդ իշխանության շարունակականությունն է։ Հայաստանում իշխանությունը, կրկին ի հակադրություն Սահմանադրության, ոչ թե ժողովրդինն է, այլ «ժողովրդի վրա»։
Հետևաբար՝ ապրիլին տեղի է ունենալու ոչ թե իշխանության ընտրություն հասարակության կողմից, այլ ամրագրվելու է ժողովրդի վրա իշխելու իրավունքի՝ այս օրերին կատարվող բաշխումը։ Դրա համար էլ ընտրությունների հիմնական դերակատարներ են համարվում նախկին պաշտոնյաները, որոնք միայն ֆորմալ առումով են նախկին և իրականում համարվում են քրեաօլիգարխիկ կամ այլ անվանումներ ունեցող իշխանության անբաժանելի մասը: ՀՀԿ-ի համար, իհարկե, կարևոր է ընտրությունների արդյունքների թվաբանական պատկերը՝ մեծամասնություն ստանալը։ Սակայն, մեծ հաշվով, անգամ դա է երկրորդական, քանի որ առաջնայինը գործող համակարգի վերարտադրությունն է՝ անգամ, եթե դա հնարավոր լինի մի քանի անվանումներով կուսակցությունների կամ դաշինքների միջոցով։
Վերջին հաշվով, դրանք բոլորը յուրայինների կուսակցություններ ու դաշինքներ են, որոնց ներկայացուցիչներին ՀՀԿ-ի հետ միավորում է գործող համակարգի վերարտադրության նպատակը, որովհետև այլ համակարգում դրանք ընդհանրապես չէին կարող տեղ ունենալ քաղաքական կյանքում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։