«Գալստյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում». երեկ մահացած զինծառայողը տան միակ երեխան էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում երեկ մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից էր:

ArmLur.am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ասաց, որ Շավարշը տան միակ երեխան էր, բնակվում էր մոր հետ՝ հանրակացարանում, հայրը մի քանի տարի առաջ մահացել է Ռուսաստանում: Շավարշի՝ ծառայության մեկնելուց հետո մայրը տեղափոխվել է քրոջ տուն:

«Գալստյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր վիճակում: Մայրն աշխատում էր երշիկի գործարանում»,- նշեց նա:

Վահագն Գևորգյանի խոսքով՝ քաղաքապետարանը հուղարկավորության ողջ ծախսերը վերցրել է իր վրա. «Հարազատների հետ խոսեցի, նրանց մոտ էլ կա լուրջ սոցիալական խնդիր: Իմ տեղեկություններով` նա երբևէ չի բողոքել ծառայությունից»:

Հիշեցնենք, որ  ՀՀ ՊՆ-ից երեկ հայտնել էին, որ առավոտյան ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս