Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի հիմնական դպրոցի 59 աշակերտներն ամեն անգամ վախով են համակվում, երբ դպրոցի կողքով, միջպետական ավտոճանապարհով անցնում է հերթական խոշոր բեռնատարը: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանի խոսքերով՝ արդեն 3 տարի է, ինչ դպրոցի հիմնական, ծանրություն կրող պատերը խոր ճեղքեր ունեն, որոնք գնալով ավելանում են. շենքը ձեւախեղվում է: Դպրոցի պատերի մեծ ճեղքերը երեւում են նաեւ դրսից:
Կրթական հաստատության շենքի վիճակի մասին տեղյակ են կառավարությունում: Այդ շենքը կառուցվել է 1980-ական թվականներին, շենքի հիմքում նստվածք կա: Դպրոցի շենքը գործարկվելուց հետո ընդամենը մեկ անգամ, այն էլ կոսմետիկ նորոգման է ենթարկվել: Դպրոցի տնօրենն ասում է, որ 40 տոննայանոց բեռնատարները, հիմքը խախուտ կառույցի կողքով անցնելով, ցնցում, ավելի են խարխլում կրթական հաստատության պատերը:
Նշենք, որ պատերի ճեղքերը ձգվում են շենքի երկրորդ հարկ, որտեղից հող ու ավազ է թափվում, շենքի հենասալերը տեղաշարժվել են, պատուհանների ապակիները՝ կոտրվել:
Կիրանցի դպրոցի ուսուցիչները մտավախություն ունեն, որ փոքր երկրաշարժի դեպքում անգամ դպրոցի շենքը կփլվի, եւ աշակերտները չեն հասցնի կառույցից հեռանալ: Դպրոցի տնօրեն Վ. Բաբինյանն ասաց, որ այս տարի գյուղի այլ տարածքում դպրոցի նոր շենք կառուցելու ծրագիր կա: Հավելենք, որ «ֆուռերի» երթեւեկից շարունակում է քանդվել սահմանագոտին շրջանցող Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, որի վրա խոր փոսեր եւ ասֆալտի ծածկի ճկվածքներ են առաջացել:
Տարեմուտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսի ժամանակ «Ժողովուրդը» հարց ուղղեց, թե ե՞րբ է հիմնանորոգվելու Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհը: Մարզպետն ասաց, որ ներկայումս հիմնանորոգվում է միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածը, դա կտեւի 2-2.5 տարի, եւ միայն այդ աշխատանքների ավարտից հետո կարող է նորոգվել Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ Գագիկ Ղուզանյանն էլ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ խոշոր բեռնատարներն իրենց տան կողքով ձգվող միջպետական ավտոճանապարհով անցնելով՝ փոքր երկրաշարժ են առաջացնում, խարխլում իրենց տան պատերը: Գ. Ղուզանյանի խոսքերով՝ խոշոր բեռնատարների շարժից տուժել են նաեւ Բաղանիսի այլ տներ:
Նշենք, որ Բաղանիսով ձգվող միջպետական ավտոճանապարհը հիմնանորոգվել է մոտ 15 տարի առաջ, եւ հիմա այդ ճանապարհին առկա են մեծ փոսեր: Բարձր արագությամբ ընթանող «ֆուռերը» փոսերը հաղթահարելով՝ մեծ ցնցումներ են առաջացնում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ